Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ժողովուրդ». Նախկին ոստիկանապետի մահվան գործը բացված է, բայց ոչինչ բացահայտված չէ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործը թեև վերաբացված է, սակայն դեպքից 4 տարի անց՝ մինչ օրս, հայտնի չէ, թե ով կամ ովքեր նախկին ոստիկանապետին հասցրին ինքնասպանության:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաև, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաև ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը: 2021 թվականին գործը կասեցվեց, սակայն 2022 թվականին ընդունված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանեց, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։

Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլևս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու տարիներով գցում իրենց «սեյֆերը», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն: Ստացվում է՝ նախկին ոստիկանապետի մահվան գործը բացված է, բայց ոչինչ բացահայտված չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում