Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ խաչի տոնը

Հայ Առաքելական եկեղեցին ունի խաչին նվիրված չորս տոն՝ Խաչի երևում, Խաչվերաց, Վարագա Խաչ և Խաչի գյուտ: Այս չորս տոներից երեքը նշում են նաև քրիստոնեական մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Սուրբ Խաչը զուտ հայկական է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարագա Սուրբ Խաչը նշվում է Խաչվերացից 14 օր հետո, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը, այս տարի՝ հոկտեմբերի 1-ին: Այսօր Էջմիածնից Նոր Վարագավանք կբերվի Սուրբ Խաչափայտի մասունքը: Այն մինչ օրվա վերջ կմնա եկեղեցում, ուր այցելում են բազում ուխտավորներ:

Այս տոնը հաստատվել է 653թ., երբ Թոդիկ և Հովել ճգնավորները գտել են Քրիսոտոսի Խաչափայտի մասունքը:

Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկե թագուհին, ընդունելով Հակոբոս Տյառնեղբոր ձեռքից խաչափայտի սուրբ մասունքը, այն Հռոմ է տանում: Որից հետո այդ սուրբ մասունքը, սերնդեսերունդ ժառանգաբար փոխանցվելով, հասնում է Սբ կույս Հռիփսիմեին, ով Կլավդիոս կայսեր և Պատրոնիկե թագուհու սերնդից էր:

Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն` Հռիփսիմյաց կույսերը, Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից և հետապնդումներից փախչում են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում։ Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք, պատմական Հայաստանի Վասպուրական նահանգում գտնվող Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է տեղի ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը:

653թ-ին Թոդիկ անունով մի կրոնավոր՝ իր աշակերտ Հովելի հետ միասին գնում է ճգնելու Վարագ լեռան վրա և հաստատվում այն վայրում, ուր բնակվել են Սբ կույսերը: Նրանք անընդմեջ աղոթքով ու ծոմապահությամբ խնդրում էին, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ. Խաչի տեղը։ Եվ մի գիշեր, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը։ 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:

Ներսես Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն, իմանալով այդ մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Սբ. Նշան, և կարգ է արվում ամեն տարի այդ օրը նշել Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ Քրիստոսի և Նրա սուրբ Խաչի փառքի համար: Ներսես Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգում են տոնի օրը:

Վարագավանք վանական համալիրը, որը պատմական Հայաստանի Վասպուրական նահանգում է, բաղկացած է վեց եկեղեցուց։ Կառուցվել է 7-րդ դարում, եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Վանական համալիրի հարավային կողմում է Սուրբ Սոֆիա եկեղեցին` կառուցված 10-րդ դարում, այն կոչվել է նաև Բերդավոր, ինչը ուշ միջնադարում դարձել է ամրոց։ Հյուսիսային հատվածում տեղակայված է Սուրբ Հովհաննես կամ Քառասուն աբեղաներ եկեղեցին (10-րդ դար)։ 11-րդ դարում կառուցվել է Սուրբ Տիրամայր եկեղեցին, որը հյուսիսից կից է Սուրբ Նշան եկեղեցուն և, ըստ արձանագրության, կառուցվել է 648 թ-ին` Տիրատուրա ճարտարապետի կողմից։

1193-1198 թ-ին, ըստ արձանագրությունների, Դավիթ Բ Կյուրիկյան իշխանի կողմից Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ արևմուտք ժայռի բարձունքում հիմնվել է Անապատ վանական համալիրը։ Ավելի ուշ 1213թ-ին Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը, մոնղոլների հարձակումից և վանքը ավերելուց հետո, տեղում պահվող մասունքները տեղափոխում է Անապատ վանք, որն էլ 13-րդ դարում անվանվում է Նոր Վարագ։ Վանքը հայտնի է նաև Վարագա Սուրբ Նշան անունով։ Այս վանական համալիրը եղել է Վահրամյանների հզոր իշխանության հոգևոր կենտրոնը։

Սրբազան այդ մասունքը 1655 թվականին վերադարձվում և զետեղվում է Վանի Սբ. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Սբ. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը:

Մասունքի հրաշագործությունների մասին բազմաթիվ հիշատակություններ են պահպանվել: Մասնավորապես, Եդեսիայում համաճարակի ժամանակ Վարագա Ս. Խաչի զորությամբ անբուժելի հիվանդությունը կասեցվել է:

Հին աշխարհում, հատկապես Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում, խաչն անարգ մահվան, անեծքի, նախատինքի և չարչարանքի գործիք էր, սակայն Քրիստոսի խաչելությունից հետո խաչը քրիստոնյաների համար վերածվել է փրկության, հաղթանակի և հավիտենական կյանքի նշանի։ Հայաստանյաց Եկեղեցում խաչը ոչ միայն երկրպագության առարկա է, այլ ամեն ինչ օրհնվում և սրբագործվում է խաչով:

Հայի համար խաչը դարձավ ոչ միայն հավատի խորհրդանիշ, այլ նաև զենք ու պաշտպան։ Հայ ժողովուրդն առաջինն ընդունեց Խաչը և հավատարիմ մնաց իր առաքելությանը: Քրիստոս խաչը վերածեց հաղթության գործիքի, և քրիստոնյաների համար խաչը հաղթության խորհրդանիշ է: Դրանից զատ, խաչը նաև նորովի վեր հառնելու խորհուրդն ունի, ինչպես որ ուսուցանում է Պողոս առաքյալը` ասելով. «Մեր միջի հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի քայքայվի մեղքի մարմինը, և այլևս մենք չծառայենք մեղքին» (Հռ. 6.6)։