Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
«Ամբողջ աշխարհն այժմ հայտարարում է, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում, բայց ի՞նչ իրավական հիմքով: Չկա այդ հիմքը եւ 26 տարի մենք դա է, որ չկարողացանք ապացուցել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի հանձնմանը եւ հայաթափմանն ասաց սփյուռքահայ գործարար, գրող, բանաստեղծ Վահան Զանոյանը՝ համոզմունք հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին զուգահեռ նաեւ հարցի իրավական մասը հայկական կողմը պետք է առաջ տաներ:
«Իսկ այն պահից, երբ ՀՀ-ն հրաժարվեց Արցախից, արդեն խոսելու բան չկա»,- ասաց մեր զրուցակիցը՝ միաժամանակ հորդորելով՝ այսքան հեշտ չհանձնվել, քանի որ նույնիսկ ստեղծված իրավիճակը փոփոխելի է:
Անդրադառնալով Արցախի նախկին նախագահների, պաշտպանության նախարարի, պետնախարարի, ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի ձերբակալություններին էլ, մեր զրուցակիցն ասաց, որ դրա «արդարացի» դրդապատճառը չի տեսնում. «Այդ մարդիկ օրինավոր ձեւով ընտրված պաշտոնյաներ էին, իրենց ժամանակի պետական գործիչներ էին ու այդ ողջ շրջանում Ադրբեջանը բանակցությունների մեջ էր՝ Արցախի կարգավիճակը որոշելու հարցով: Այսինքն, իրենք, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակիորեն ընդունել էին Արցախի պետություն լինելը եւ այժմ հայտարարել, թե այն ժամանակ պատերազմել եք մեր դեմ, ուրեմն ձեզ պետք է ձերբակալել… իրավական հիմքը շատ թույլ է»:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ու նրան առաջադրված մեղադրանքը՝ ահաբեկչության ֆինանսավորում, Վարդան Զանոյանն ամբողջությամբ թատրոն է համարում:
«Երբ նախկին նախագահները, պետնախարարը, ԱԳ նախարարը, պաշտպանության նախարարը նման ձեւով կձերբակալվեն եւ կներկայացվեն, դա մեր ազգային նվաստացումն է. դա միայն իրենց մասին չէ, դա մեր մասին է: Ի վերջո, նրանք բոլորը հայեր են, Հայաստանի քաղաքացիներ եւ մեր քաղաքացիներին թշնամու բանտերում տեսնելը մեզ համար անարգանք պետք է լինի, նվաստացուցիչ պետք է լինի, մենք պետք է ընդվզենք: Հայ ժողովուրդն, արդյո՞ք, այդ աստիճան բարոյալքված է, թմրած է, որ նույնիսկ նվաստացումը չի զգում վերջին դեպքերից հետո. ինձ համար բարդ է հավատալ: Այս աստիճան թմրել, զգայուն դառնալ ամենակարեւոր ազգային արժեքների ոտնակոխման դեմ… սա մնայուն չի կարող լինել»,- տարակուսում է մեր զրուցակիցը:
«Մինչեւ 2020 թվականի պատերազմը ինքը քաղաքական գործչի ոչ ախորժակ ուներ, ոչ ծրագրեր. 2020-ի պատերազմն էր, հայկական կողմի կորուստները, որ նրան մղեցին այդ դաշտ»,-իր մտերիմ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին մանրամասներ է պատմում մեր զրուցակիցը:
Հարցին՝ այնուհանդերձ, ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանը որոշեց բնակություն հաստատել Արցախում, քանի որ այդ առիթով ամենատարբեր ասեկոսեները շրջանառվեցին, Վահան Զանոյանն իր տարբերակը ներկայացրեց, որը ձեւավորվել է Ռուբեն Վարդանյանի հետ մտերմիկ զրույցների ժամանակ. «Ռուբենն ասում էր՝ Արցախը կկորցնենք, երբ այն հայաթափվի, ուրեմն, ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը չհայաթափվի»:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ