Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում»․ Նիկոլ Փաշինյան

«Այս ընթացքում մենք առաջին հերթին միջոցներ ենք ձեռնարկում եւ պայմանագրային խնդիրներն ենք կարգավորում, որպեսզի ունենանք գազի կայուն մատակարարումներ»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին։

Ըստ Փաշինյանի՝ էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումն իրենց օրակարգում է։ «Եվ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան նույնպես մեր օրակարգում է։ Նաեւ էներգետիկ շուկայում որոշակի զարգացումներ ապահովելն է մեր օրակարգում։ Պետք է շեշտեմ շատ կարեւոր մի բարեփոխում՝ էներգետիկ շուկայի ազատականացումը, երբ շուկայում էներգիա արտադրողները էներգիայով ազատ առեւտուր անելու հնարավորություն ունեն։ Այնպես չէ, որ Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալն ամբողջությամբ օգտագործվում է, այսինքն՝ պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում։ Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մենք վերջերս ԻԻՀ մեր գործընկերների հետ կնքեցինք պայմանագիր՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը մինչեւ 2030 թվականը երկարացնելու վերաբերյալ, ինչը շատ կարեւոր է»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ արեւային էներգիայի շատ մեծ պաշարներ կան Հայաստանում։ «Էն հայտնի բանաստեղծությունը դպրոցական տարիներից որ հիշում ենք՝ արեւը մերն է, մեր տան հետեւն է։ Հիմա կարող ենք ասել, որ Հայաստանի դեպքում դա ճիշտ է, մնում է, որ դա իսկապես վերածենք կոնկրետ էլեկտրական հոսանքի»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: