Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
2018 թվական, ապրիլ: Ես նստած էի Ամիրյան փողոցում գտնվող իմ տանը և հետևում էի իրադարձություններին, որոնք կատարվում էին մայրաքաղաքում: Այդ պահին տան հեռախոսին զանգ հնչեց: Սովորաբար դա հազարից մեկ է լինում, քանի որ շատ քչերն են տեղյակ իմ հեռախոսահամարից: Զանգողը շատ հայտնի կոնֆլիկտաբան էր, ում անունը հարգելի պատճառներով չեմ նշում: Իր խոսքում նա անհանգստություն հայտնեց, որ ժողովրդին, որը երգ ու պարով դուրս էր եկել փողոց, տանում են մահվան դուռը: Սկզբից ես մտածեցի, որ խոսքը գնում է ցույցը ցրելու մասին, չնայած որ վստահ էի, որ իր բոլոր սխալներով ու թերություններով հանդերձ Սերժ Սարգսյանը մարդկային կյանքերի գնով իշխանություն չի պահելու: Ուրախ եմ, որ չսխալվեցի:
Զրույցի ավարտից հետո ես արդեն տեղյակ էի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Երկար տարիների ընթացքում տարվող քարոզչությունը իմ վրա ևս ազդել էր, պետք է անկեղծ լինեմ: Ես մտածում էի, որ ՀՀԿ-ի «գել ու գազանները» կպահեն իշխանությունը Սերժ Սարգսյանից հետո, սակայն այդ ժամանակ միայն ես հասկացա, որ երկրում բացասական ռեյտինգ ունեցող արդեն իսկ նախկին հանրապետական գործարարներից մեկը «Դուխով» գլխարկներ և շապիկներ էր տպում, որոնցով մարդիկ գնում և դագաղներ էին շարում երկրին քոռ կոպեկի վնաս չտված, մարդ չսպանած, չհայհոյած Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Շուշան Պետրոսյանի և այլոց տան մոտերքը:
Ես չէի պատկերացնում, որ իրականում երկրի չարիք հանդիսացող մի շարք անձինք, որոնց ՀՀԿ-ն պահում էր իր կողքը, ամենածանր պահին դարձան հեղափոխականներ: Փաստացի ժողովուրդը մերժում էր օդիոզ դեմքերի կողմից լքված կուսակցության: Արդյո՞ք այդ շարժումը չէր հասունացել 2018-ին, այո հասունացել էր: Դա ՀՀԿ-ի ամենամեծ մեղքերից մեկն էր, որից օգտվեցին ապագա հայրենավաճառները:
Աշնան կողմը տերևաթափին զուգահեռ օդիոզաթափվեց նաև ՀՀԿ-ն: Հայտնի օլիգարխները, քրեական դեմքերը և այլոք արդեն պատրաստվում էին աջակցել «սուպեր սթար» Նիկոլ Փաշինյանի պատգամավորներին: Յուրաքանչյուր անհատ պատգամավոր, որը խորհրդարան էր անցել առանձին քվոտայով, ուներ իրեն աջակցող «տասովշիկը», բիզնեսմենը, հեղինակությունը: ՀՀԿ-ն մնացել էր Սերժ Սարգսյանի և այն մարդկանց հույսին, որոնց մերժել էին այդ ընտրություններում՝ Փաշինյանի համար ձայն հավաքողների համար: Այո, այո, ձայն հավաքողների: Եթե ձեզ թվում է, որ միայն 2018 թվականի ապրիլի էյֆորիան բավարար էր հաղթանակի համար, ապա չարաչար սխալվում եք, ընտրությունները դա մի առանձին աշխարհ են:
Կարդացեք նաև
Եկավ 2018 թվականի դեկտեմբերը: Ընտրությունների օրը՝ ուշ գիշեր, հանկարծ մի պահ թվաց, որ ապրիլին մերժված ՀՀԿ-ն մտնում է խորհրդարան: Թիմը, ընտրություններին որքան մերժված էր, մի այդքան էլ թարմացված կազմով էր, երիտասարդներով, ինտելեկտուալ գործիչներով: Սա իհարկե ուշացած ընտրություններ էին, այդ կազմը պետք է լինել ավելի վաղ, որպեսզի մարդիկ չկորցնեին իրենց վստահությունը, սակայն գնացքը արդեն գնացել էր:
ԿԸՀ-ի կողմից ներկայացվող ցուցանիշները վկայում էին, որ ևս մի քանի ընտրատեղամաս նույն տենդենցը պահպանելու դեպքում՝ մտահոգ հանրապետականները կանցնեն խորհրդարան: Հանկարծ իրավիճակը փոխվեց, տարածվեցին լուրեր, որ մի շարք ընտրատեղամասերում լույսերը գնացել են, իսկ րոպեներ անց, ՀՀԿ-ի ցուցանիշը սկսեց նվազել: Ընտրախախտումները էյֆորիկ շրջանում ամենաաննկատն էին: Ի վերջո, «եթե մտահոգ ես…» կարգախոսով հանդես եկած ՀՀԿ-ն չանցավ խորհրդարան:
Իրավիճակը խայտառակ էյֆորիկ էր: Փաշինյանի խոսքերը ավելի սուրբ էին, քան արաբների համար Ղուրանը: Այդ ժամանակ շատ դժվար էր անգամ խոսել, բողոքարկել ընտրությունների արդյունքները: ՀՀԿ-ի վրա ճնշումը խայտառակ մեծ էր: Բազմաթիվ ճնշումներ կուլիսային էին տարբեր տրամաչափի գործիչների և անդամների, աջակիցների և սատարողների վրա: Զարմանալի չէ, որ ընտրությունների արդյունքները չբողոքարկվեցին ՀՀԿ-ի կողմից:
Վստահ եմ, որ եթե չլինեին այդ ճնշումները և կեղծիքները ու ՀՀԿ-ն անցներ խորհրդարան, ապա հնարավոր կլիներ առավելագույնս խուսափել պատերազմից, իսկ նվազագույնը կասեցնել աղետների շարքը, ինչը ցավոք սրտի տեղի չունեցավ: Անգամ ընդդիմադիր փոքրամասնություն ունենալը խորհրդարանական կառավարում ունեցող երկրում կարող էր տալ իր արդյունքը, սակայն կարծես գծված ծրագիրը հստակ շարունակվում էր. ստեղծել իշխանական այնպիսի համակարգ, որտեղ որևէ մակարդակում ՀՀԿ-ն զրկված կլինի որևէ լծակից:
Ընտրությունների ավարտից հետո ինձ կրկին զանգահարեց ամիսներ առաջ գույժ հայտնած կոնֆլիկտաբանը: Մեր զրույցը դառնում էր ավելի մտահոգիչ….:
Շարունակելի
Վան Արշակունի
(Սարտոր. Sartor)