Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար

Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը;

«Իսկապես, ռուսական կողմը սահմանված կարգով դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար, և Հայաստանի Հանրապետությունը սահմանված կարգով, դիտարկելով հնարավոր բոլոր նրբերանգները, տվել է իր դրական եզրակացությունը և համաձայնությունը։

Կդժվարանամ ասել, թե Ռուսաստանի Դաշնությունը հիմա այդ հյուպատոսության բացման որ փուլում է։ Այնուամենայնիվ, դա իրենց անելիքն է, բայց նրանք ցանկացած փուլում համագործակցում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ»,- ասաց Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ տարբեր երկրների կողմից հետաքրքրություն կա Սյունիքի մարզում հյուպատոսություններ բացելու։

«Իրանի Իսլամական հանրապետությունն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին, կան էլի երկրներ, ում հետ այդ խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածություններ չկան, չէի ցանկանա այդ երկրները բացահայտել։

Անշուշտ, միջազգային ներկայությունը նպաստում է տվյալ մարզի տնտեսական կյանքի աշխուժացմանը, բայց, այո, նաև քաղաքական ուղերձներ է պարունակում»,- ասաց Միրզոյանը։