Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

WSJ. Իսրայելը համաձայնել է հետաձգել ցամաքային գործողությունը Գազայում, որպեսզի ԱՄՆ-ն ուժեղացնի հակաօդային պաշտպանությունը մերձավորարևելյան իր բազաներում

The Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելը, ԱՄՆ-ի խնդրանքով, հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում, որպեսզի ամերիկյան զինուժն ուժեղացնի Մերձավոր Արևելքում գտնվող իր ռազմակայանների հակաօդային պաշտպանությունը։

Հրատարակության համաձայն՝ Պենտագոնը շտապ մոտ 10 հակաօդային պաշտպանության համակարգ է ուղարկել տարածաշրջան՝ Իրաքում, Սիրիայում, Քուվեյթում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող իր զորքերը հրթիռներից պաշտպանելու համար։

Ըստ Wall Street Journal-ի աղբյուրների՝ ԱՄՆ-ի պաշտոնյաներին հաջողվել է համոզել Իսրայելին սպասել Գազայում գործողությանը՝ մինչև այդ համակարգերի տեղակայումը, ինչը կարող է տեղի ունենալ մինչև այս շաբաթվա վերջ:

Իսրայելը նաև հաշվի է առնում Գազա մարդասիրական օգնություն տրամադրելու ծրագրերը և պատանդներին ազատելու դիվանագիտական ​​ջանքերը, հաղորդում են հրատարակության զրուցակիցները։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը հիմնականում վախենում է իր զորքերի անվտանգության համար, որոնց վրա կարող են հարձակվել տարբեր զինված խմբավորումներ, եթե Իսրայելը ցամաքային գործողություն սկսի Գազայում։

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ իսլամիստները Իրաքում և Սիրիայում անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով արդեն 13 նման հարձակում են իրականացրել, ինչի արդյունքում զոհվել է մեկ ամերիկացի կապալառու և ոչնչացվել է ամերիկյան անօդաչու թռչող սարք։

Ավելի քան 20 ամերիկացի զինծառայող վիրավորվել է Սիրիայում, ևս 10-ը՝ Իրաքում, սակայն գրեթե բոլոր վնասվածքները աննշան են, ասվում է հրապարակման մեջ։