«Իսկապես, ռուսական կողմը սահմանված կարգով դիմել է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար, եւ Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը»,- Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ դժվարանում է ասել, թե ՌԴ-ն հյուպատոսության բացման որ փուլում է, դա իրենց անելիքն է։ «Բայց ցանկացած փուլում, որտեղ հարկն է եւ ինչպես սահմանված է, համագործակցում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ։ Այդ հետաքրքրությունը՝ Սյունիքում բացել գլխավոր հյուպատոսություններ, տարբեր երկրների շրջանում այսօր կա։ Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն ունի, Ֆրանսիան է հայտարարել նման մտադրության մասին։ Կան էլի երկրներ, որոնց հետ այդ խոսակցությունը կա, բայց քանի որ վերջնական պայմանավորվածությունը չկա, չէի ցանկանա բացահայտել»,- ասաց նա։
Միրզոյանը հավելեց, որ երկրները նախ եւ առաջ մտածում են իրենց քաղաքացիների սպասարկման մասին։ Բայց միջազգային ներկայությունը որեւէ մարզում կնպաստի տվյալ տարածաշրջանի տնտեսական կյանքի աշխուժացմանը։ «Այո, նաեւ քաղաքական ուղերձներ է պարունակում սա»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: