Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
«Զուգահեռը մեկն է եւ իրականությունն է մեկը. այն մարդիկ, այն հայերը, ովքեր պայքարում են հայկական պետականության համար, թշնամի են Էրդողանին, Ալիեւին ու Նիկոլին»,- այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով Հակարիի կամրջի մոտից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարմանը եւ Բաքու տեղափոխելու փաստին եւ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանի արած որոշ հայտարարությունների միջեւ զուգահեռների մասին հարցին:
Մասնավորաբար, Սամվել Բաբայանն ասել էր իրեն հավանաբար չեն ճանաչել, դրա համար են թույլատրել, որ անարգել անցնի Հակարիի կամրջի վրա տեղակայված ադրբեջանական անցակետը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, բանաձեւը հետեւյալն է․ «Շահում է Նիկոլը՝ շահում են Ալիեւը եւ Էրդողանը եւ տուժում է, քայքայվում է հայկական պետականությունը, ՀՀ քաղաքացիները»: Նրա գնահատմամբ, սխալվում են այն մարդիկ, ովքեր կարծում են, թե թուրքական իշխանություններն այդ ճակատագրին իրենց չեն արժանացնելու. «Իրենք մեզ բոլորիս համար պատրաստել են մեկ ճակատագիր՝ Բաքվի բանտերում տանջամահ լինել. կամ սովամահ պիտի լինենք, կամ՝ իրենց ջարդերից տուժենք: Իսկ այն, որ Սամվել Բաբայանն առոք-փառոք հասել է Երեւան ու Հ1-ի տաղավարում խոսում է, դա նշանակում է, որ նա Նիկոլի կողմից ստացել է բոլոր երաշխիքները՝ թուրքերի հետ խոսելու: Հատուկ կապ ունեին, չէ՞, ՊՆ-ն ուներ եւ Նիկոլը Ալիեւի հետ հատուկ կապ, զանգել՝ ասել են՝ Սյամոն մեզնից է, թողեք, ինքը հայերի պետականությունը կործանողների շարքից է, թողեք՝ թող գա»:
Ինչ վերաբերվում է այդ հարցազրույցում Սամվել Բաբայանի արած աղմկահարույց այլ հայտարարություններին, Աննա Մկրտչյանը խոստացավ, որ Հայաստան պետության եւ իրավական համակարգի վերականգնումից հետո, Սամվել Բաբայանը կստանա իրավական քննություն:
«Երեւի ազատության գի՞նն է դա, երեւի Դավիթ Տոնոյան չդառնալու գի՞նն է, չգիտեմ, ինքը կիմանա»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով հարցին, որ նաեւ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի մասին Սամվել Բաբայանը հայտարարություններ արեց:
Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Հիշեցնենք, երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, Սամվել Բաբայանը հայտարարեց՝ Արցախի ազգային ժողովի 22 պատգամավորները, ինչպես նաեւ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն: Ըստ նրա, Արցախի գործող ու նախկին ղեկավարները եւ պատգամավորները հայտարարություն են տարածել կռվից հետո, ըստ որի՝ ՀՀ-ն իր բանակը պետք է հանի ԼՂ-ից, մինչդեռ Հայաստանն այնտեղ բանակ չուներ. «Ես գիտեմ՝ այդ տեքստն ով է գրել։ Ռուսական կողմն է գրել, որ Հայաստանին կրկին մտցնի խաղի մեջ»։
Նրա խոսքով՝ վերոնշյալ անձինք մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին, միևնույն ժամանակ իրեն էլ փորձել են իրենց հանցակից դարձնել.
«Այս հանցագործները պետք է պատասխան տան։ Համարեք սա հաղորդում, հենց մտնեն ՀՀ տարածք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել է: Այն մարդիկ, որոնք այդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան»։
Պետրոս Ղազարյանի հարցին՝ եղե՞լ է այլընտրանք, տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Սամվել Բաբայանը դրական պատասխան է տվել. «Մենք կարող էինք 4400 քառակուսի կմ տարածքի վրա ստեղծել ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենալ: Այս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»: Իր բանակցությունների մասին, սակայն, նա որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ ոչ մեկն այդ մասին իրեն չի հարցրել, որևէ հավաքի չեն հրավիրել. «Իրենք պետական հանցագործ են, ժողովուրդն արել է հանրաքվե, ընտրել է անկախություն, իրենք եկան, անկախությունը մի փաստաթղթով չեղյալ են համարել, որի իրավունքը չունեին, և Ղարաբաղն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ