Սերբական «Canvas» կազմակերպության մի խումբ հարցաքննության է կանչվել Վրաստանի պետական անվտանգության ծառայություն՝ երկրում հեղաշրջման հնարավոր նախապատրաստման գործով: Այդ մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը, որին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Canvas» երիտասարդական շարժման անդամ Սերբիայի քաղաքացիները կանչվել են Պետական անվտանգության ծառայություն՝ հարցաքննության։ Այս կազմակերպությունը նախկինում հիշատակվել է Պետական անվտանգության ծառայության կողմից, երբ խոսքը վերաբերում էր հոկտեմբեր-դեկտեմբերին ԵՄ անդամակցության (Վրաստանի) թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացին զուգահեռ քաղաքացիական հեղաշրջման նախապատրաստմանը»,-ասվում է զեկույցում։
Վրաստանն ակնկալում է մինչև տարեվերջ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալ։ Ավելի վաղ երկրի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ մի խումբ քաղաքացիներ նախատեսում են հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անկարգություններ կազմակերպել՝ իշխանությունը ուժով փոխելու նպատակով։ Գերատեսչությունը պլանի հեղինակներ է անվանել Միխեիլ Սաակաշվիլիի օրոք ՆԳՆ ղեկավարի տեղակալ Գեորգի Լորտկիպանիձեին, Սաակաշվիլիի նախկին թիկնապահ Միխեիլ Բատուրինին և Ուկրաինայում վրացական լեգեոնի հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիին։ Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ լեհ-ուկրաինական սահմանի մոտ երիտասարդության ուսուցումն իրականացնում է «Canvas» կազմակերպությունը, որի կորիզը Սերբիայում հեղափոխական գործընթացներին մասնակցած «Օտպոր» կազմակերպությունն է։
Պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ արմատականները ծրագրում են մայրաքաղաքի կենտրոնում վրանային քաղաք հիմնել, ապա այնտեղ ռումբ պայթեցնել, որպեսզի քաղաքացիական զոհերի առկայությունը քաղաքում անկարգությունների պատճառ դառնա։