Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել է Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի եւ Արցախի հարցը փակված լինելու շուրջ տրամադրություններին:
«Ինձ համար Արցախի հարցը փակված չէ եւ չի կարող փակված լինել: Բայց սա առանձին թեմա է: Միշտ էլ եղել է եւ արդեն այսօր ավելի հաճախ ենք լսում մեղքը ուրիշ կողմն ուղղելու, տարբեր մարդկանց վրա գցելու մասին: Բայց մի ճշմարտություն կա, ընդհանուր ճշմարտություն, որը հետեւյալն է: Այն, ինչ կատարվում է մի իշխանության ժամանակ, դա նույն իշխանության պատասխանատվությունն է: Դա այդպես է, դա փաստ է եւ դրանից որեւէ կերպ խուսափել չկա: Բայց այս փաստը ավելի հիմնավորվում է, երբ արդեն տեսնում, հիշում ես այն ակնհայտ սխալները, որ այս իշխանության կողմից արվել են: Այն, ինչ կատարվեց Արցախում, այս մեծ ողբերգությունը, որ եկավ մեր ժողովրդի գլխին, ունի մեկ պատասխանատու, մեկ մեղավոր: Դա Նիկոլ Փաշինյանն է եւ նրա փոքր խումբը, որ բոլորը միասին մեր ժողովրդի գլխին բերեցին այս մեծ ողբերգությունը:
Վերքը դեռ թարմ է, հարվածը դեռ նոր է: Մենք սրա ցավերը, դրա խորությունը եւ ազդեցությունը ժողովրդի վրա, հոգեբանության վրա ժամանակի ընթացքում կզգանք: Իրոք, եթե Նիկոլ Փաշինյանը լիներ հմուտ ղեկավար, մենք այսօր այս վիճակի մեջ չէինք լինի: 2018 թվականից սկսած, նրա հետեւողական, շարունակական քայլերը բերեցին մեծ պատերազմի: Եթե նա այդ օրերին չսխալվեր, հավատացեք, այսօր կունենայինք ամբողջական ԼՂԻՄ՝ Շուշիով եւ մնացած մասերով: Այո, կունենայինք: Բայց նա սխալվեց եւ մենք կորցրեցինք Շուշին, Հադրութը պատերազմի արդյունքում:
Եթե նա ստորագրությունից հետո մնար հավատարիմ այդ հայտարարության էությանը, ոգուն, կոնտեքստին, դրանից չշեղվեր, ուրիշ ուղղություններով չգնար, խաղեր չտար, տարբեր տեղեր խոստումներ չտար, հավատացեք, այսօր մենք կունենայինք Ղարաբաղ՝ Լաչինի միջանցքով: Առանց Շուշիի եւ Հադրութի, որ կորցրինք պատերազմում որպես արդյունք: Բայց կունենայինք մնացածը:
Նա նաեւ երկրորդ ճակատագրական սխալը արեց: Եթե նա Պրահայում չճանաչեր Արցախը Ադրբեջանի կազմում, այսօր էլ կունենայինք Ղարաբաղը նույն միջանցքով՝ առանց Շուշիի եւ Հադրութի: Եվ միջազգային հանրության մեջ կունենայինք աջակիցներ: Պատերազմից հետո Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, բոլորը ասացին, որ անընդունելի է ռազմական ճանապարհով հարցի լուծումը, որ այս հարցը փակված չէ, որ կարգավիճակի հարցը դեռ պետք է քննարկվի: Բայց Փաշինյանը չլսեց: Նա գնաց այլ ուղղությամբ: Իսկապես, նրա այս սխալ քայլերը բերեցին այսօրվա այս մեծ արհավիրքին: Սա մեկ մարդու եւ նրա նեղ խմբի որոշման պատասխանատվությունն է:
Այո, Փաշինյանը իր սխալներով դեմ գնաց պատմական օրինաչափություններին: Լեռնային Ղարաբաղի հարցում պատմական օրինաչափությունները մեր օգտին էին: Մինչեւ պատերազմ՝ միանշանակորեն, պատերազմից հետո նույնպես դեռ մեր օգտին էին:
Շատ եմ լսում տեսակետ, թե 30 տարի մեզ ասել էին, որ չէր կարող Արցախը Ադրբեջանի կազմում չլիներ: Ես հիմա ուզում եմ ձեռնոց նետել այդ մարդկանց: Եթե այդ մարդիկ, որեւէ մեկը 1998 թվականից նույնիսկ մինչեւ 2020 թվականը ինձ ցույց կտա որեւէ լուրջ երկրի ղեկավարի մի հայտարարություն, որն ասում է՝ Արցախը Ադրբեջանի մաս է, կամ Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ես ներողություն կխնդրեմ ձեր բոլորից: Չկա այդպիսի բան:
Պատմական օրինաչափությունները մեր օգտին էին: Մադրիդյան փաստաթուղթը վկա, որտեղ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը միանշանակորեն ասացին, թե մենք հարցի լուծումը տեսնում ենք այնպես, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ճակատագիր հանրաքվեի միջոցով պետք է որոշի: Պատմական օրինաչափությունը դա է եղել:
Փաշինյանը ոչ թե իր սխալներով մեզ համար վնասակար պատմական օրինաչափությանը նպաստել է, ճիշտ հակառակը. Փաշինյանը այնպիսի մեծ սխալներ է արել, որ մեզ համար Արցախի հարցում այդ պատմական օրինաչափությունը գլխիվայր շրջել է և մենք այսօր հայտնվել ենք այս վիճակում»,- ասաց Վարդան Օսկանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ