Հոկտեմբերի 1-10-ը Մոսկվայում տասնհինգերորդ անգամ կանցկացվի մոնոներկայացումների SOLO փառատոնը: Տասը օր շարունակ հանդիսատեսին կներկայացվեն 17 բեմականացում, այդ թվում՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մի ֆունտ սիրտ» ներկայացումը։ Թատրոնից հայտնում են, որ ըստ փառատոնի կազմակերպիչների՝ հոբելյանական փառատոնում ներկայացված են թատրոնների ընթացիկ թատերաշրջանի ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից դրամատուրգիայի լավագույն բեմադրությունները:
Վանաձորի թատրոնը հանդես կգա հոկտեմբերի 8-ին՝ Ռուսաստանի թատերական գործիչների միության Մոսկվայի «Ստրաստնոյ» մշակութային պալատում՝ Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության հիման վրա գրված՝ Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ Շայլոկի կերպարը, մարմնավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը։ Ներկայացման բեմադրիչը ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանն է:
«Այս մոնոներկայացման պիեսով Սամվել Խալաթյանն առաջարկում է Շայլոկի կերպարի իր տեսլականը։ Դրամատուրգի ուշադրությունը կենտրոնանում է հզորների կողմից փոքր ազգերի ազգային արժանապատվության նվաստացման վրա և պարզվում է, որ հերոսի «վրեժը» հենց սրանով է թելադրված, այլ ոչ թե վաշխառուի շահույթ ստանալու ձգտմամբ։ Բացի այդ, այս կանոնական կերպարի նոր փորձառությունների ողջ խորությունը ցուցադրելու համար պիեսում հայտնվում է մեկ այլ Շայլոկ՝ ժամանակակից օլիգարխ և ավազակ: Այսինքն՝ ներկայացման մեջ կան երկու Շայլոկներ՝ մեր ժամանակների և Շեքսպիրի ժամանակի։ Ըստ այսօրվա օլիգարխի՝ եթե ոսկին կա, ի՞նչ հայրենիք, ի՞նչ ազգ, ի՞նչ պատիվ, ի՞նչ ազգային արժանապատվություն։ Ներկայացումը յուրատեսակ մենամարտ է երկու Շայլոկների միջև:
Դերակատար Արամայիս Սարգսյանը, հիրավի, մեծ հաջողությամբ է կերտել հոգեբանական բարդ անցումներով, զգացմունքների և կրքի պոռթկումներով լի Շայլոկի կերպարը, որը թատերաշխարհի տաղանդավոր վարպետ, բեմադրիչ Վահե Շահվերդյանի խորհրդանշային բեմականացմամբ հառնում է դասական շնչով»,- նշում են թատրոնից։
Փառատոնի ընթացքում կցուցադրվի 10 լայնածավալ և 7 կամերային ներկայացումներ։ Աշխարհագրությունը ներառում է 12 քաղաք՝ Վանաձոր (Հայաստան), Վլադիմիր, Վոլոգդա, Յոշկար-Օլա, Կալուգա, Կիրով, Մոսկվա, Պսկով, Սուխում (Աբխազիա), Տոլյատի, Տյումեն և Չելյաբինսկ։
Փառատոնի ծրագրում ներառված են նաև ավտո-գեղարվեստական նախագծեր, վավերագրական ֆիլմեր՝ գիտնականների մասին, ժամանակակից պիեսներ և արձակ, դասականների անկանխատեսելի մեկնաբանություններ՝ Շեքսպիրից մինչև Էրոֆեև: