«Տևական ժամանակ է ես մեր հանձնաժողովի նիստում չեմ տեսնում Տիգրան Աբրահամյանին»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարեց նախագահող, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչրայանը և աշխատակիցներից խնդրեց բացակայությունների վիճակագրությունը տալ իրեն:
Նա ընթերցեց վիճակագրությունը՝ ասելով, որ 2022 թ. սեպտեմբերից մինչև 2023 թ.-ի օգոստոս ամիսը Տիգրան Աբրահամյանը չի ներկայացել հանձնաժողովի աշխատանքներին:
«Բայց ես տեսնում եմ, որ ինքը տարբեր դատարանների դահլիճներում հարցազրույցներ է տալիս, բայց 2023 թ.-ի մեր ոչ մի նիստի չի մասնակցել»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը և հանձնաժողովի աշխատակազմից խնդրեց իր անունից Տիգրան Աբրահամյանին նորից տեղեկացնել, որ նա հանձնաժողովի անդամ է, լավ կլինի, որ նա մասնակցի նիստերին, քանի որ երկրի անվտանգային, օրենսդրական և վերահսկողական խնդիրները ՀՀ Սահմանադրության համաձայն իրականացվում են Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց. ««Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր համար բարդ է մասնակցել հանձնաժողովի նիստերին, որտեղ մենք ներկայացված ենք, բայց դա է ճակատագիրը, ժողովրդի քվեի պահանջն է»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց որ, Գրիգորյանը պետք է որոշի մասնակցում է հնձնաժողովի նիստերին, թե ոչ, բայց իր որոշումը կապել հանձնաժողավում ՔՊ-ի պատգամավորների թվի առավելության հետ, ճիշտ չէ, քանի որ ժողովուրդն է իր ընտրությամբ այն որոշել:
Հանձնաժողովն առանց ելույթների քննարկեց և հինգ րոպեում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով զինվորական հաստիքի վրա գրանցված ոչ զինվորականների ընտանիքները նույնպես կստանան զոհվելու դեպքում նախատեսված պետական փոխհատուցման վճարները և առողջությանը հասցված վնասների՝ օրենքով սահմանված փոխհատուցումները::