Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Թող թեստ կազմողը գա բացատրի, թե օրինակ ինչ է նշանակում զգացմունքային կամ խելացի ատամներ». անգլերենի ուսուցիչները դժգոհ են կամավոր ատեստավորումից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Անգլերենի ուսուցիչները վրդովված են, ոմանք որոշել են բոյկոտել կամավոր ատեստավորումը, եւ այդ մասին նամակ հղել կառավարությանն ու ԿԳՄՍ նախարարությանը: Ըստ ուսուցիչների, ի թիվս այլ պատճառների, կամավոր ատեստավորման գործընթացը չի համապատասխանում կարգով սահմանված նպատակին, այն դարձել է հարկադիր եւ պարտադիր բոլորի համար, անցողիկ միավորներ չվաստակելը դարձել է պատժվելու եւ աշխատանքից զրկվելու պատճառ, թեստերը անհարկի բարդացված են, պահանջները թերի են ձեւակերպված, շփոթեցնող են, կան վիճելի հարցեր եւ այլն: «Մի թեստ էլ մենք կազմենք, տեսնենք թեստ գրողները կհաղթահարե՞ն»,-գրել է մի ուսուցիչ մասնագիտական խմբերից մեկում:

«Այս ատեստավորումների արդյունքում կրթական համակարգը կորցնելու է իր փորձառու, հմուտ ստեղծագործ ուսուցիչներին, դպրոցներում մնալու են անգիր թեստեր տիրապետող կրկնուսույցները»,-կարծիք է հայտնել մեկ այլ ուսուցիչ:

Aravot.am-ի հետ զրույցում 18 տարվա մանկավարժական փորձով անգլերենի ուսուցչուհի Սիրանդուխտ Հարոյանը նշեց, որ կամավոր ատեստավորման դեմ իրենց ցույցը կարճ ժամանակով հետաձգվել է, մինչեւ համապատասխան ծանուցում կստանան իրենց էլեկտրոնային փոստի հասցեներին: «Կամավոր ատեստավորման թեստի հարցադրումները եղել են ուղեցույցին ոչ համապատասխան, եղել է շուրջ 80 նախադասություն ավել, բայց ժամաքանակը չի ավելացել: Եղել են պնդումների փնջեր, որոնց մեջ սխալներ կային: Դրականի շեմը շատ քչերն են հաղթահարել, անգամ մանկավարժի դասախոսը չի հաղթահարել: Իրենք ասացին, որ 5-օրյա ժամկետում մեր էլեկտրոնային փոստի հասցեին նամակ կստանանք, ու բողոքարկման օրն էլ սեպտեմբերի 29-ն է: Մինչեւ այս պահը դեռ ոչինչ չենք ստացել: ԿԳՄՍ նախարարությունից պահանջում ենք, որ թեստ կազմողը գա բացատրի, թե օրինակ ինչ է նշանակում զգացմունքային կամ խելացի ատամներ: Թող մեզ պատասխանեն, որովհետեւ մենք կարող ուժեր ենք դպրոցում, ոչ թե սեւ բիծ դնեն մեր հեղինակության վրա»:

Ուսուցչուհին նաեւ հավելեց. «Իրենք դրել են Քեմբրիջի TKT մոդուլները, ինչը ոչ բուհերում ենք անցնում, ոչ էլ դպրոցական ծրագրում կա: Հատուկ վերապատրաստման կուրս է անհրաժեշտ դրա համար: Այսինքն, մենք Քեմբրիջի դասախոսնե՞ր էինք, ինչ է»:

Տիկին Հարոյանը տեղեկացրեց, որ իրենց ուսուցչուհիներից մեկը, որ անցյալ տարի 77 տոկոս արդյունք էր հավաքել, այս տարի ուզում էր այն բարձրացնել, սակայն դրականի շեմն էլ չի հաղթահարել. «Ստացվում է՝ նույն ուսուցիչն անցյալ տարի կարող էր, այս տարի՝ ո՞չ; Թեստ կազմողը copy past է արել ոչ միայն տեքստը, այլեւ հարցերի 50 տոկոսը»: Նա նաեւ հայտնեց, որ քանիցս հետաքրքրվել են, թե ով է կազմողը, եւ իրենց ԳԹԿ-ից պատասխանել են, որ նշենք , թե ուղեցույցին ինչը չի համապատասխանում: «Ամբողջությամբ չի համապատասխանում ուղեցույցին: Ոչ մի քերականություն չի եղել այնտեղ՝ ոչ կրավորական, ոչ ուղղակի-անուղղակի, ինչը որ ծրագրով անցնում ենք»:

Երկարամյա մանկավարժը նեղսրտում է՝ իրենց նման թեստ են հրամցրել քիչ է, դեռ մի բան էլ իրենց դիմումների՝ նախարարությունից ստացված պատասխաններում իրենց անուն-ազգանունները փոքրատառով են գրել:

ԿԳՄՍ նախարարության եւ ԳԹԿ-ի մեկնաբանությունները՝ հաջորդիվ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ