Արցախցի Մարիամ Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ու գրել.
«Ստեփանակերտը... աշխարհի ամենամաքուր քաղաքը նման է իսկական դժոխքի։ 11 տարի է արդեն,ինչ փաստացի ապրում եմ այս կոկիկ, տաքուկ, անչափ հարազատ քաղաքում, բայց այսօր այն հենց մեր տեսքն ունի՝ անշպար,քայքայված,հյուծված,ավերված՝ դրսից ու ներսից։
Այստեղ ուրախություն էր հորդում, իսկ հիմա մեր թշվառ իրականությունն է ամեն մի անկյունում։ Դեղին ավտոբուսները, որ այս քաղաքի ժիր մեղուներն էին, հիմա քարացած կանգնած են՝լի տեղահանվածներով։
Քաղաքում կա գեհենի բոլոր տարրերը՝ այրվող աղբանոցներ,որտեղ մխում է մարդկանց հագուստը, տան կահ կարասին, երբեմնի հպարտությամբ պահված մեդալներ,հուշեր. մոխրանում են՝թանձր ծուխ արձակելով մինչև երկինք։ Հազվադեպ կարելի է փակ խանութ տեսնել, մնացածները կամ սեփականատիրոջ կողմից են բացվել կամ մարդիկ իրենք են կոտրել ու վերցրել իրեր։ «Թալան» բառն այստեղ գուցե տեղին չէ օգտագործել, որովհետև գիտեն, եթե իրենք չվերցնեն՝ նրանք են տիրանալու։ Մարդիկ կարծես հոգեբանորեն ուզում են լրացնել իրենց անասելի կորստի՝ երբեք չլրացվելիք պակասը։ Փողոցներում թափված հագուստ, ապակու կտորներ, մերկացած մանիկեններ։
Կանգուն է միայն մի խանութ՝ գրքերինը. չգիտեմ ինչու, գուցե՞ նրա համար,որ գրքերի աշխարհում չկա ավելի ցնցող իրականություն, կամ գուցե մարդիկ դադարել են գնահատել իրավական արժեքները։ Անտուն մարդկանց հետ կրնկակոխ քայլում են անտուն շները, երեկոյան այստեղ քայլելը հաստատ վտանգավոր է։
Ամենուր մարդիկ եւ այդ մարդկանց միավորող միայն մի բան՝ցավը։
Ստեփանակերտում շատ են դատարկ տարրաները, որ սպասվում են վառելիքով լցվելուն։ Քաղաքի տարբեր անկյուններում վառարաններ են դրված, մարդիկ հաց են թխում, որովհետեւ հացթուխները գուցե մեծագույն սպասման՝ ՀՀ հասնելու ճանապարհին են։
Ուզում եմ անվերջ քայլել, բայց քաղաքն ինձ վախեցնում է իր այս սարսափելի կդրերով։ Երանի չտեսնեի Ստեփանակերտն այսպիսին։
Այստեղ դժվար,անչափ դժվար է ժպիտ գտնելը, բայց գտա. կոլցեվոյի կանցլեր խանութից երեխաները գտել եւ ոտնաթաթերի վրա կանգնած՝ ջանում էին հնարավորինս բարձր կպցնել մեր դրոշը, մեր որբացած երկրի, մեր խլված, խորտկված հայրենիքի խորհրդանիշը։
Շարունակելի...»։