ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամ, Երեխաների եւ ընտանիքի նախկին նախարար Էդվարդ Թիմփսոնի եւ «Խնամք երեխաների համար» ՀԿ հիմնադիր նախագահ Ռոբերտ Գլովերի հետ:
Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում ակտիվ է եղել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանականների հետ:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական հարձակման եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակը: Սարգիս Խանդանյանի խոսքով Ադրբեջանի` էթնիկ զտումների քաղաքականության հետեւանքով արդեն շուրջ 90.000 անձ ԼՂ-ից բռնի տեղահանվել է Հայաստան: Սարգիս Խանդանյանն անդրադարձել է տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին:
Կողմերը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվող քաղաքացիների, մասնավորապես, տարեցների եւ երեխաների սոցիալական կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր:
ԱԺ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: