Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սամվել Շահրամանյանի ապօրինի հրամանագիրը

Խստորեն դատապարտում եմ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագիրը:

Նման հրամանագիրը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ առավել ևս իրավական որևէ հիմնավորում:

Քաղաքական առումով. Արցախի Հանրապետությունը հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունների կողմից:

Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:

Ավելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը:

Նկատի ունենալով արցախահայության՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման նպատակով իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հանրապետություն հռչակելու, ինչպես նաև հռչակված հանրապետությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախահայության կամարտահայտության համաձայն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ։

Իրավական առումով. Որպես իր հրամանագրի հիմնավորում Սամվել Շահրամանյանը հիշատակել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածը, որտեղ, սակայն, չկա որևէ հիշատակում այն մասին, որ հանրապետության նախագահն ունի Արցախի Հանրապետությունը լուծարելու լիազորություն:

Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, ինչպիսի պաշտոն էլ նա զբաղեցնի, չի կարող ընդունել Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին փաստաթուղթ:

Հետևաբար, Սամվել Շահրամանյանի նշված հրամանագիրը ԱՊՕՐԻՆԻ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ:

Իմ հետագա գործունեության առանցքը լինելու է օկուպանտ և ցեղասպան ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դեօկուպացիան:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ