Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սամվել Բաբայանի հայտարարությունը հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական ադրբեջանական սև ցուցակներում են. Աբրահամյան

«Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ առանց որևէ խնդրի, առանց անձնագրային ռեժիմի, առանց առանձնահատուկ վերաբերմունքի անցել է Հակարիի կամրջով, դրանով իսկ հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական ադրբեջանական սև ցուցակներում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով, պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան, որ տարբեր մարդկանց մեքենաներն ավելի խիստ և մի քանի անգամ ստուգվում են, նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների նկատմամբ ուշադրություն կա:

«Այսինքն կա որոշակի գործողություններ, որոնց մասին  վտանգավոր եմ համարում շատ փակագծեր բացել, բաց այն, որ երեկվանից Ադրբեջանը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, դա չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,- ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, որ ցանկացած հայի ձերբակալությունն  Ադրբեջանի կողմից ոչ միայն  խիստ մտահոգիչ է, այլ  բոլորին պետք է մղի շատ ավելի ակտիվ գործողությունների միջազգային կառույցների, տարբեր հիմնական դերակատարների հետ. «Եթե սա չկանխվի, եթե Ադրբեջանի վրա լրացուցիչ ճնշումներ չլինեն, սա բերելու է նաև այլ ձերբակալություններ»։

Տ.Աբրահամյանի խոսքով, Սամվել Բաբայանը բացառապես  սպասարկում է նիկոլփաշինյանական քարոզչական և քաղաքական օրակարգը, նրա հայտարարությունները  բացառապես այդ տրամաբանության ներքո է։

Նա նաև նշեց, որ  շատ բան կա խոսելու, թե ինչ է իրականում Արցախում տեղի ունեցել, ինչու է Արայիկ Հարությունյանը հրաժարական տվել, ինչու էր Արցախում ստեղծվել մի իրավիճակ, որ  որևէ մեկը չէր ուզում ստանձնել այդ ծանր պահին պատասխանատվությունը։