Ուկրաինական Dialog.ua իշխանամետ ռեսուրսը անդրադարձել է Ռուսաստանի հավանական ռազմական ագրեսիային եւ քաղաքական նպատակներին նախկին ԽՍՀՄ տարածքում: Որքանով են դրանք հիմնավոր
Կրեմլի Z-քարոզիչ Սերգեյ Մարդանը խոստովանել է, որ Կրեմլը ստում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի իրական նպատակների մասին։ «Ուկրաինա Ռուսաստանի զինված ուժերի ներխուժման միակ նպատակը տարածքներ գրավելն է, և Մոսկվան մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով», – այսպիսի անկեղծ հայտարարությամբ է Սոլովյով LIVE-ի եթերում հանդես եկել ծայրահեղ աջակողմյան Մարդանը։
«Դուք հասկանում եք, որ ցուցակն* ավարտված չէ, և բոլորը հասկանում են, որ ցուցակը ավարտված չէ, և այն, որ Ռուսաստանը դեռ լրիվ չի ձեւակերպում, թե իրականում ինչ նկատի ունի, ինչի մասին է այս ամենը, նա դրանից ավելի վախենալու է դառնում։ Այո, իհարկե, սա 1991-ի արդյունքների վերանայումն է, ինչպես էլ կոչեք… Լինի «դենացիֆիկացիա», թե «ապառազմականացում», ինչպես ուզում եք անվանեք, բայց իմաստը պարզ է… Ի՞նչ Սովետական Միություն, սպասեք, բացի Սովետական Միությունից, կարող ենք նաև 800 տարի ետ գնալ։ Եվ ավելի կվատանաք, երբ հասկանաք, որ մենք խոսում ենք ռուսական պետության՝ ռուսական կայսրության վերստեղծման մասին»,- ասել է Մարդանը։
Սրան ի պատասխան Dialog–ը նշում է, որ «մեկ տարի առաջ Պուտինը թղթի վրա Ռուսաստանին, բացի Ուկրաինայի օկուպացված տարածքներից, «կցեց» նաև Զապորոժիե քաղաքը, որին ռուսական բանակը նույնիսկ չկարողացավ հասնել ներխուժման ժամանակ, և որը գրավելու հեռանկար չունի։ Ռազմաճակատներում Ռուսաստանի զինված ուժերի ձեռքբերումները համեստ են՝ ներխուժման ժամանակ գրավված Ուկրաինայի միակ շրջանային կենտրոնը՝ Խերսոնը, լքվեց խայտառակ փախեփախով։
Ռուսաստանի Դաշնությունն այսօր կանգնած է ոչ միայն Ղրիմ տանող ցամաքային միջանցքը, այլև հենց թերակղզին կորցնելու իրական հեռանկարի առաջ։ Ողջ աշխարհի համար ակնհայտ է, որ Մոսկվան ի վիճակի չէ մոտ ապագայում հետխորհրդային երկրների համար որևէ լուրջ ռազմական սպառնալիք ներկայացնել», եզրակացնում է ուկրաինական իշխանամետ ռեսուրսը։
Անշուշտ, կիսագրագետ Մարդանը պատմության հարցերում բոլորովին բոբիկ է. 800 տարի առաջ կար քոսոտ Մոսկովիա, այլ ոչ կայսրություն, բայց էականը դա չէ: Dialog-ի բերած սթափ դատողությունները գալիս են վկայելու, որ հայկական մեդիա եւ միտինգային ասպարեզ ինչ–ինչ նկատառումներով նետված «Հայաստանը ռուսական գուբերնիա պիտի դառնա» նարատիվը իր տակ իրական հիմք չունի։
Իրականում Հարավային Կովկասից հեռացող Ռուսաստանը ի վիճակի է միայն օժանդակել Հայաստանի անմիջական օկուպացիային Անկարայի եւ Բաքվի կողմից։ Այս նպատակին Նիկոլ Փաշինյանը ծառայելու է մինչեւ դրա իրականացումը՝ Արցախի ինքնալուծարման օրինակով։ Սակայն, օկուպացիայի եւ հայերի զանգվածային տարագրման ռուս-թուրքական ծրագրին (տես այստեղ) դիմակայելը միանգամայն հայ ժողովրդի կարողության տիրույթում է գտնվում։ Մեդիա-մենեջմենթի մասնագետ եւ քաղմեկնաբան Պավել Դալլաքյանը համոզված է, որ արցախյան իրադարձությունների ողբերգական, բայց ուսանելի պատգամը հետեւյալ գերխնդիրն է. Հայաստանը պետք է վերապրի Ռուսաստանին: