Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ երեկ հանրային հեռուստաընկերության եթերում արած այն հայտարարությունը, որ ինքը Հակարիի անցակետում տեղակայված ադրբեջանական անցակետը հատել է առանց առանձնակի բարդության, առանց ստուգման հատուկ ռեժիմի, ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի, հարվածի տակ է դրել այն մարդկանց, որոնք հավանական ադրբեջանական սեւ ցուցակներում են:
Այս մասին պատգամավոր ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, այսօր Հակարիի կամրջի մոտից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը առեւանգել եւ Բաքու է տեղափոխել:
«Պատահական չէ, որ այդ հայտարարությունից հետո՝ այսօր արդեն բազմաթիվ տեղեկություններ կան, որ տարբեր մարդկանց մեքենաները ավելի խիստ եւ մի քանի անգամ ստուգվում են: Նկատելի է, որ որոշ կոնկրետ մեքենաների նկատմամբ ուշադրություն կա, կան որոշակի գործողություններ, որոնց մասին դեռ վտանգավոր եմ համարում շատ փակագծեր բացել: Այն, որ երեկվանից Ադրբեջանը որոշակի միջոցառումներ ձեռնարկում է, դա չի սահմանափակվում միայն Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածով»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ ցանկացած հայի, անկախ նրանից թե վերջինս ինչ քաղաքական դիրքորոշում ունի, ձերբակալությունը խիստ մտահոգիչ է:
Տիգրան Աբրահամյանը «խայտառակության վերջին աստիճան» է գնահատում Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերից «դեմքի ժպիտով՝ նիկոլփաշինյանական թեզերի սպասարկումը» այն օրերին, երբ Արցախում ողբերգություն է:
Սամվել Բաբայանի՝ նախկին իշխանությունների քննադատությունների վերաբերյալ Տիգրան Աբրահամյանի գնահատականները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ