Մինչ այս շաբաթ Թամարան բուժքույր էր Ստեփանակերտին մոտ գտնվող փոքրիկ քաղաքի հիվանդանոցում։ Երբ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, Թամարան բուժում էր վիրավոր ղարաբաղցի մարտիկներին և զբաղվում մահացածներով։
«Սարսափելի էր, շատ վիրավորներ կային։ Այրվածներ էին։ Մարդիկ փնտրում էին անհայտ կորած իրենց հարազատներին, չէին կարողանում գտնել իրենց երեխաներին, այնքան ծանր էր և այնպիսի մեծ ցնցում մեզ համար»»,-BBC-ին պատմել է նա։
Թեև Ադրբեջանը պնդում է, որ հայերը կարող են մնալ Լեռնային Ղարաբաղում, Թամարան չի համարձակում։
Հենց դեպի Հայաստան ճանապարհը բացվեց Ադրբեջանի կողմից վերջին տասն ամիսների շրջափակումից հետո, նա և իր ընտանիքը լցրեցին իրենց ունեցածը խորհրդային տարիներին արտադրված փոքրիկ ջիպի մեջ և սկսեցին դանդաղ ճանապարհորդությունը դեպի սահմանից այն կողմ։
Հենց այդ ժամանակ Թամարան հիշեց մի երիտասարդի, ում բուժել էր նախորդ պատերազմում՝ երեք տարի առաջ, և զանգահարեց նրան։
Հիմա Թամարան իր ընտանիքի հետ այդ երիտասարդի տանը՝ Գորիսում է մնում։ Տղայի ընտանիքն ուրախ է, որ կարող է պարտքը վերադարձնել։
«Իսկապես դժվար էր այստեղ հասնելը, սարսափելի էր։ Բայց մենք աղոթում էինք անընդհատ, Աստված մեզ օգնեց»,-ասել է արցախցի կինը։
Զինվորը, որին Թամարան օգնել էր վիրավոր ժամանակ, 2020-ին ժամկետային զինծառայող էր, հիմա ապրում է Երևանում։ Նրա մայրը պատմել է՝ որդին ֆիզիկապես ապաքինվել է, թեև նրան հարվածած բեկորներից մի քանիսը մնացել են գլխում: Որդին հոգեբանորեն պայքարում է տեսածը հաղթահարելու համար:
Մարդկանցով լի մեքենաները դեռ Հայաստան են մտնում Ղարաբաղի լեռներով։ Երբ նրանք մոտենում են, ճամփեզրին կանգնած տղամարդիկ թափահարում են ձեռքներին եղած սենդվիչները, ջուրը, հյութերն ու սուրճը, ապա դրանք մեքենան դանդաղեցնելիս ապակիներից ներս խցկում։
Լուսանկարը՝ BBC-ի։