ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրում է.
«Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առևանգվածների Հայաստան վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից մեկը։
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են։ Ադրբեջանը չունի իրավական որևէ հիմք նրան պահելու համար։
Նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին և այլոց, որոնք, հնարավոր է, նման ճակատագիր ունենան։
Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նա այնտեղ էր՝ լինելու իր ժողովրդի կողքը և պաշտպանելու նրա ինքնորոշման իրավունքը։
Դավիթ Բաբայանը ծնունդով արցախցի է, նա նույնպես պայքարում էր իր նախնիների՝ իրեն ժառանգություն թողած հողը պաշտպանելու և այնտեղ ազատ ապրելու համար։
Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է ներդնեն, ներառյալ՝ բանակցությունների ընդհատում, ապահովելու նրանց ազատ արձակումը։ Ադրբեջանին արած մեծ նվերի դիմաց Հայաստանի իշխանություններն առնվազն պետք է պահանջեն այս մարդկանց վերադարձը։
Սփյուռքը ևս այս հարցը պետք է դարձնի օրակարագային։
Իսկ միջազգային հանրությունը Ադրբեջանից միանշանակ պետք է պահանջի զերծ մնալ նման հետապնդումներից»։
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադառնալիս ադրբեջանցի ուժայինները գերեվարել են ու տեղափոխել Բաքու։
Այսօր Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է. «Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի»։