Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
«Ոչ մի բան»,- «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցին՝ ի՞նչ կտա ՀՀ-ին Հռոմի ստատուտի վավերացումն, այսպես պատասխանեց «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Գասպարյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հռոմի ստատուտի վավերացման նախագծին: ՀՀ իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, թե Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված է միջազգային հանցագործներին, որոնք ՀՀ դեմ սանձազերծել են ագրեսիա եւ Արցախում էթնիկ զտումներ են արել, օրինակ՝ Ալիևին։ Արսեն Գասպարյանն արձագանքեց՝ «Դուք հավատո՞ւմ եք»։
«Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության խորհրդի հիմնադիր անդամ Արթուր Խաչիկյանը հորդորեց վերհիշել՝ վերջին անգամ ե՞րբ է եղել, որ ինչ-որ միջազգային կառավարության կամ միջազգային կազմակերպության, կամ ինչ-որ պայմանագրի միջոցով մենք Ադրբեջանի որևէ ներկայացուցչի ենք պատասխանատվության ենթարկել վերջին 35 տարիների ընթացքում՝ ներառյալ այն դեպքը, երբ մեր սպային գազանաբար սպանեցին Հունգարիայում․ «Շատ երկրներ չեն ընդունում այդ դատարանի իրավասությունը։ Որևէ շանս, որ Ալիևին՝ մեջբերում եմ՝ Եվրոպայի վստահելի գործընկերոջը, ինչպես ասում էր տիկին Ֆոն դեր Լայենը, որ նրան պատասխանատվության են ենթարկելու չկա, երբ միլիոնավոր դոլարների պայմանագրեր են կնքված Եվրոպայի և Բաքվի միջև։ Եվրոպական երկրներն ասում են, որ անգամ պատժամիջոցներ չեն կիրառելու, քանի որ նավթի ու գազի պայմանագրեր ունեն, անգամ կյանքի իրավունքի պաշտպանությանը պատրաստ չեն։ Հռոմի ստատուտի ընդունումը վատ վիճակը դարձնելու է ավելի վատ։ Առանց դրա էլ ջախջախված են հայ-ռուսական հարաբերությունները, հիմա դառնալու են ավելի սրված։ Դա մեզ ի՞նչ է տալիս։ Մենք բոլորս ցնցված ենք նրանով, թե ինչ տեղի ունեցավ, որ դա կատարվեց ռուսական ուժերի ներկայությամբ։ Բայց վատ իրավիճակը դարձնել ավելի վատ, դա մեզ ի՞նչ է տալու»։
Արսեն Գասպարյանը հիշեցրեց՝ այն ժամանակ, երբ Փարիզի քաղաքապետը եկել էր Երևան, հումանիտար օգնություն էր բերել, բոլորը ոգևորված էին, բայց ճիշտ նույն այդ պահին ֆրանսիական «Total Energies» էներգետիկ ընկերության գլխավոր տնօրենը գտնվում էր Բաքվում․ «Պայմանագիր էր կնքում «Ապշերոնի» գազի հետ կապված «Սոկար» պետական ընկերության հետ։ Դա ձեզ որևէ ազդանշան չի՞ տալիս․ հատուկ Ֆրանսիայից եմ օրինակ բերում, քանի որ գիտեմ՝ ինչ հատուկ վերաբերմունք կա ՀՀ-ում Ֆրանսիայի հանդեպ։ Մի մոռացեք՝ Ֆրանսիան փայլուն հարաբերություններ ունի Թուրքիայի հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ