Օրենքի նախագծով նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաեւ զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց:
Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 29-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ փոխնախարարի` հստակեցվում են հատուցման դեպքի փոփոխությամբ պայմանավորված հատուցման դեպքի փոփոխության դեպքում վճարվող գումարների տարբերության հաշվարկման եւ վճարման կանոնները, ինչպես նաեւ վերացվում է օրենքում տեղ գտած տեխնիկական բնույթի անճշտությունը:
Հիմնական զեկուցողը նշել է, որ փաստացի ներկա դրությամբ նման խնդիր է ծագել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ մեկ անձի մասով, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խնդիրը լուծել համակարգային` նման կարգավիճակ ունեցող անձանց ներառելով օրենքի գործողության ոլորտում:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը, կարեւորելով նախագծի ընդունումը, գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:
ԱԺ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: