Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
2020 թվականի նոյեմբերին բացվեց մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական եւ ամենաամոթալի էջերից մեկը: 2023-ի սեպտեմբերին գրվեցին այդ էջի ամենաողբերգական տողերը: Այստեղ, ցավոք, պետք է ավելացնեմ, որ նման տողեր մոտակա ժամանակներս դեռ գրվելու են: Տասնյակ հազարավոր հայեր դարձել են գաղթական, լքել են այն հողը, որում իրենց նախնիներն ապրել են հազարամյակներով: Գանձասարն ու Ամարասը թշնամու ձեռքում են եւ հաստատ պղծվելու են: Թշնամին գերեվարել է Ռուբեն Վարդանյանին եւ նրան մեղադրել է ահաբեկչության մեջ: Կարծում եմ, նրանք, ում ուղեղը մթագնած չէ իշխանական քարոզչությամբ, այժմ կհասկանան, որ կարող են լինել մեծահարուստներ, որոնք պատրաստ են զոհաբերել իրենց հարմարավետությունը, բարեկեցությունը, ազատությունը եւ նույնիսկ կյանքը՝ հանուն գաղափարի, որին հավատում են: Թշնամու ձեռքում է նաեւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Կարծում եմ, թշնամին վրեժ կլուծի նաեւ Արցախի մի շարք այլ նախկին եւ ներկա ղեկավարներից:
Բայց այս ողբերգական իրադարձությունների շարքում ես տեսնում եմ ավելի մեծ խնդիր:
Ողբերգություն է եւ ամոթ, որ Հայաստանի քաղաքացիները շարունակում են հանդուրժել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:
Ողբերգություն է, որ ՔՊ-ականներն ու իշխանության մյուս քարոզիչները շարունակում են «պետականամետ» ելույթներ ունենալ եւ ստատուսներ գրել, որտեղ «ապացուցում են», որ ամեն ինչում մեղավոր են ռուսներն ու ղարաբաղցիները:
Ողբերգական է, որ նույն քարոզիչները շարունակում են կրկնել Վարդանյանի՝ «Պուտինի կողմից ուղարկված լինելու» եւ «Թաթարստանի» մասին անհեթեթությունները:
Ողբերգական է, որ նույն թափով շարունակում է աշխատել հայհոյանքներ եւ սպառնալիքներ տարածող իշխանության «ֆեյքերի ֆաբրիկան»:
Խնդիրն այն չէ, որ մարդիկ իրենց խիղճն են կորցրել: Այդպիսի (թույլ տվեք հայտնի բառն օգտագործել) «դուրսպրծուկներ» միշտ էլ կլինեն: Ողբերգություն է, որ այն պատումները, որոնք պետք է մերժելի եւ նույնիսկ զազրելի թվան, շարունակում են հնչել առանց դիմադրության հանդիպելու եւ, կարելի է ասել՝ պաշտոնապես:
Ինչպե՞ս է հասարակությունն արձագանքելու, եթե մեկն ասի, որ 1915 թվականին ցեղասպանություն չի եղել, եւ Էնվերն ու Թալեաթը ստիպված էին երկու միլիոն հայերի հետ անել այն, ինչ արել են: Կարծում եմ, դա կառաջացնի հայաստանյան հասարակության ցասումը: Բայց ամեն ինչ դեռեւս առջեւում է. եթե այսպես շարունակվի, մի քանի տարուց նման խոսակցությունները նույնպես սովորական կդառնան: Օվերտոնի պատուհանը բաց է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ