Վահեի՝ հայրենի գյուղում պուրակ կառուցելու երազանքն անկատար չմնաց, այն իրագործվեց ընտանիքի ու համագյուղացիների ջանքերով։
Այսօր Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված Վահե Վարդանյանի և արցախյան առաջին պատերազմում նահատակված Մանվել Դոլուխանյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-պուրակը։
«Վահես շատ հայրենասեր տղա էր, երազանքն էր հայրենի գյուղում կառուցել նման պուրակ, որեղ իր ձեռքով ծառ կտնկեր, ծաղիկ կաճեցներ։ Բայց հասցրեց միայն գծագրել պուրակի հատակագիծը»,-Panorama.am-ին ասաց Վահեի զարմուհին Տաթևը։
Սերժանտ Վահե Էդիկի Վարդանյանը ծնվել է 2000 թվականին՝ Աշտարակի Նոր Եդեսիա գյուղում, արմատներով Ջավախքից էր, ուներ ամուր կամք ու համառ բնավորություն։ Բուհում՝ Պոլիտեխնիկում ուսումը կիսատ թողնելով՝ 2019 թվականին ծառայության է անցել Ջրականում։ 44-օրյա պատերազմում աչքի է ընկել խիզախությամբ՝ մինչև վերջ չլքելով մարտական հենակետը։
Վահե Վարդանյանը զոհվել է պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին Ջրականում թշնամու դիվերսիոն գրոհը կասեցնելիս։