Արցախից տեղեկատվական «արտահոսքերի» մեջ մասնագիտացած թերթը գրում է, թե ռուս «խաղաղապահներն» ամեն ինչ անելու են, որ Արցախում առնվազն 20-25 հազար մարդ մնա, որ իրենք էլ մնան։ Ռուս-ազերբայդժանական բանակցությունների արդյունքում որոշվել է, որ «Արցախի հայ համայնքը» ունենա սեփական ներկայացուցիչ, մնացողները կապրեն ինտեգրացիայի կանոններով։ Ռուս «խաղաղապահներն» էլ այս օրերին երդվում են, որ մնացող արցախցիների անվտանգությունն ապահովելու են ամեն գնով, բայց վերջին դեպքերից հետո նրանց քչերն են հավատում», գրել է թերթը:
Երեւանյան ռուսապատկան մամուլի ագենտուրային առաջադրանքներից մեկը 2020-ի նոյեմբերի 9-ից ի վեր ռուս «խաղաղապահների» փրկչական ալիբին ապահովելն է՝ Հին Թաղեր-Խծաբերդ, Փառուխ, Լիսագոր, Բերձորի շրջան, միջանցք, հիմա էլ՝ ««Արցախի հայ համայնք»։ Ագենտուրային այս առաջադրանքի նպատակը հետեւյալն է՝ 1․ ամեն կերպ արդարացնել ՌԴ գործողություններն Արցախում եւ մաքրել նրան պատասխանատվությունից, 2․ ՌԴ եւ նրա «խաղաղապահների» հանդեպ հավատը պահելով՝ հայերին հետ պահել հնարավոր նախաձեռնություններից ու գործողություններից։ Այդ ընթացքում Մոսկվան ու Բաքուն Երեւանի առաջնորդությամբ աստիճանաբար վերացրել են Արցախում դիմադրության ռեսուրսները եւ հնարավորությունները, որոնք կային եւ անհանգստության լուրջ պատճառ էին եռակողմ ոճրի հեղինակների համար։
Նույնիսկ այս վիճակում այդ հնարավորությունները մնում են, ի տարբերություն հայերի՝ Մոսկվան ու Բաքուն դա լավ են հասկանում։ Դրա հետ է կապված «ռուս խաղաղապահների» մնալու եւ 25 հազարանոց համակենտրոնացման ճամբարում իրավազուրկ պատանդ «հայ համայնք» պահելու մտադրությունը՝ Երեւանում նույն այդ ռուսապատկան մամուլի, իշխանաընդդիմադիր ագենտուրային դասի, Էջմիածնական եկեղեցու՝ «Արցախը կորսված է» համազգային հեշտանքի ֆոնով։ Սա Արցախի ոչնչացման հարցում այն ներքին կոնսենսուսն է, որի մասին Լրագիրը պարբերաբար գրել է։