Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Հակարիի կամուրջը հատել է 88780 բռնի տեղահանված անձ՝ ժամը 10:00-ի դրությամբ, 18756՝ տրանսպորտային միջոց, հաշվառվել է՝ 63483 անձ։ Այս մասին այսօր կառավարության հումանիտար կենտրոնից հայտնեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Լեռնային Ղարաբաղից 74400 բռնի տեղահանված անձ եւ 15535 տրանսպորտային միջոց էր հատել ՀՀ սահմանը, հաշվառվել՝ 55248 անձ։
Բաղդասարյանի փոխանցմամբ՝ երեկ Արցախ մեկնած Երեւանի քաղաքապետարանի ավտոբուսներով ՀՀ է տեղափոխվել 2000 բռնի տեղահանված անձ։ Այսօր նույնպես ավտոբուսները մեկնելու են։ «Այն անձինք, որոնք ուզում են մեկնել Հայաստան, մեքենաները կսպասեն այնքաան, մինչեւ վերջին մարդը ցանկություն հայտնի մեկնել Հայաստան»,-ասաց Բաղդասարյանը։
ՀՀ սահմանը հատած բռնի տեղահանվածներից 20306-ն օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից։
Նրանք տեղակայվել են տարբեր մարզերում՝ Արագածոտնում 972 անձ, նախօրեին այս մարզում, ինչպես Բաղդասարյանն ասաց, 988 անձ էր տեղակայվել։ Այս թիվ փոփոխվել է, քանի որ ըստ Բաղդասարյանի, դեպքեր են լինում, երբ առաջարկվում է որոշակի կեցավայր, սակայն բռնի տեղահանվածները չցանկանալով այդտեղ մնալ կամ չհարմարվելով պայմաններին՝ տեղափոխվում են իրենց նախանշած վայրը։
Արարատի մարզում տեղակայվել է 4658 բռնի տեղահանված, Արմավիրում՝ 1772, Գեղարքունիքում՝ 1935, Լոռիում՝ 921, Կոտայքում՝ 4622, Շիրակում՝ 900, Սյունիքում՝ 2040, Վայոց ձորում՝ 1370, Տավուշում՝ 1116։
«Բոլոր նրանք, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, անխտիր բոլորին առաջարկվում է կեցավայր։ Սա կարճաժամկետ աջակցություն է, որից հետո միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերով որոշվելու է անձանց բնակության վայրը եւ պայմանները»,-հայտնեց Բաղդասարյանը։
Նրա փոխանցմամբ՝ ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բուժառուների՝ հիվանդանոցներից դուրս գրում չկա․«11 անձ գտնվում է վերակենդանացման բաժնում։ Ցավոք, կան դժբախտ ելքեր, որի մասին առողջապահության նախարարությունը մանրամասն կհայտնի»։
Կամավորական աշխատանքին մասնակցելու համար արդեն լրացվել է 1000 հայտ, 180 կազմակերպություն արձագանքել է սոցիալական աջակցություն տրամադրելու նախաձեռնությանը։
Նշենք, որ գործում է թեժ գիծ՝ 114 համարով։
Հայաստանի տարածքում գործող հումանիտար կենտրոնների հասցեներն ու հեռախոսահամարներն այստեղ՝ irazekum.am
Մանրամասն՝ շուտով տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ