ՆԱՏՕ-ի խորհուրդը թույլատրել է Կոսովոյում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ լրացուցիչ ուժեր (KFOR) տեղակայել՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ։
«Մայիսից մենք ուժեղացրել ենք KFOR-ի ուժերի ներկայությունը: Երեկ (խմբ.՝ սեպտեմբերի 28-ին) Հյուսիսատլանտյան խորհուրդը թույլ է տվել լրացուցիչ ուժեր (օգտագործել) ստեղծված իրավիճակին արձագանքելու համար: Մենք միշտ կշարունակենք ապահովել, որ հրամանատարությունն ունենա բոլոր այն ռեսուրսները և ճկունությունը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի KFOR-ն իրագործի իր մանդատը», – ասվում է հայտարարությունում։
Տարածաշրջան ուղարկվող դաշինքի նոր ուժերի թիվը չի նշվում։ Հայտարարվում է, որ KFOR-ի ուժերը սերտ կապի մեջ են Բելգրադի և Պրիշտինայի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի առաքելությունների հետ։
ՆԱՏՕ-ն նաև ապաէսկալացման կոչ է արել բոլոր կողմերին՝ Բելգրադին և Պրիշտինային հորդորելով ԵՄ-ի միջնորդությամբ երկխոսություն սկսել։
Սեպտեմբերի 24-ին շուրջ 30 էթնիկ սերբ զինյալներ բարիկադավորվել էին Սերբիայի սահմանի մոտ գտնվող Բանսկա գյուղի սերբական ուղղափառ եկեղեցում։ Կոսովոյի ոստիկանները պաշարել են եկեղեցին։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել է կոսովցի 1 ոստիկան և 3 սերբ զինյալ։ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին տեղի ունեցածի մեջ մեղադրել է Սերբիայի իշխանություններին՝ հայտարարելով, որ «ահաբեկչական հարձակումն» իրականացրած զինյալներին հովանավորել և հրահրել է Բելգրադը։ Իր հերթին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ միջադեպի մեղավորը Ալբին Կուրտին է, քանի որ վանքում տեղի ունեցած միջադեպից առաջ էթնիկ սերբերը Կոսովոյի հյուսիսում ամիսներ շարունակ «ենթարկվել են սադրանքների»։
Մայիսին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Կոսովոյի հյուսիսում իրադրությունը լարված է։ Հիմնականում սերբերով բնակեցված շրջաններում նշանակվել են կոսովցի ղեկավարներ այն բանից հետո, երբ սերբերը բոյկոտել էին ընտրությունները։ Լարվածությունը զսպելու համար ՆԱՏՕ-ն ընտրություններից հետո լրացուցիչ 700 զինվորի է տեղակայել Զվեչան քաղաքում։ Այժմ KFOR-ի թվաքանակը կազմում է շուրջ 5 հազար մարդ։