Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մոսկվան բացում է խնդիրը․ Ինչու պետք է ոչնչացվի Հայաստանը

Մոսկվայի ուղերձները Հայաստանին ավելի ու ավելի հստակ են դառնում։ ՌԴ ԱԳՆ եւ անձամբ նախարար Լավրովի վերջին հայտարարությունները լիովին բացում են Հայաստանի ոչնչացման Մոսկվայի ռազմավարության էությունը։ Բանալին մոսկովյան բարձր ամբիոններից հնչող «Հայաստանը թեքվում է դեպի Արեւմուտք» մանթրան է։

Թեմայի շուրջ ռուսական ու հայաստանյան քաղդասի ու մեդիա-քաղաքագիտության քննարկումները մնում են մակերեսային-կենցաղային մակարդակում, որի հիմքում «Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից» ներդրված թեզն է, որի վրա էլ կառուցված են փոխադարձ շինծու մեղադրանքներն ու «բանավեճերը»։ Դրանք կոչված են նենգափոխել բուն խնդիրը։

Ինչն է իրականությունը․ Կովկասից՝ այդ թվում Հայաստանից, Արցախով հանդերձ, հեռանալու մասին 2014-2015 թվականներին կայացած ՌԴ վերնախավի որոշումը որեւէ կերպ չի ձեւափոխվել: Հեռանալու տեմպը որոշվում է միայն մեկ կարգավորիչով՝ Հայաստանի գոյությամբ: Ավելի ճիշտ՝ չգոյությամբ: Զորքերի արագ դուրսբերման պարագային Հարավային Կովկասում մնալու է դեռեւս կենսունակության նյութական ռեսուրս, եւ ամենակարեւորը, ապրելու հանրային կամք ունեցող հայկական պետական գոյացություն՝ միլիոնանոց հայաբնակ Երեւան կենտրոնով:

Հայաստանի դեմ քարոզչական պատերազմը եւ ՀՀ բռնակցումը ռուսական բլոկներին, ՀՀ արտաքին քաղաքական, ռազմական ու տնտեսական դիվերսիֆիկացիայի հնարավորությունները ծայրաստիճան սահմանափակող պայմանագրերի պարտադրումը մեկնարկեցին հենց 2014-15-ին եւ նպատակ ունեին մեկուսացնել Հայաստանը։ 2014-15-ին Բաքվի ձեռքով դիվերսիոն պատերազմը, 2016-ի քառօրյա ռազմական գործողությունները, թուրքերի հետ համատեղ 2020-ի ռազմական արշավը եւ 2023-ի լայնածավալ հարձակումն Արցախի դեմ՝ այս որոշման իրագործման փուլերն են։ ՌԴ-ն հայտարարել է, որ ՀՀ տարածքի վերաձեւումը տեղի է ունենալու «սահմանազատման, հաղորդակցությունների բացման եւ փախստականների վերադարձի» միակողմանի՝ Հայաստանի դեմ կիրառմամբ։

Կովկասում մնացող ոչ ՆԱՏՕ-ն, ոչ բնականաբար Թուրքիան, էլ չասած Վրաստանի մասին, մտահոգության առիթ չեն Մոսկվայի համար: Ի տարբերություն Հայաստանի գոյության: Ռուսները հեռանալու են, մինչ այդ ապահովելով Մայր Հայաստանի եւ Արցախի պետականության ավերակ վիճակը: Ակցիայի պատասխանատուն՝ Նիկոլ Փաշինյանն է իր ընդդիմադիր մասովկայով ու ծախված հայ մամուլով:

Ըստ քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանի՝ «Մինչեւ Կովկասից ռուսների հեռանալը Հայաստանից ազատվելու հրամայականը ուժի մեջ է մնում իբրեւ Տաճկաստանի ու Ռուսաստանի համար էքզիստենցիալ, կենսորոշ անհրաժեշտություն (ընդգծումը՝ Լրագրի): Ոմանց կողմից սպասված «X» պահը կարող է գալ միայն Հայաստանի տապալումից հետո: Սա մենք բազմիցս շեշտել ենք: Այլապես, վերապրած Հայաստանը ֆորպոստ է դառնում Արեւմուտքի համար, եւ նրա նշանակությունը Ռուսաստանի ոչ պայծառ ճակատագրի համար, համարձակվենք պնդել, գերազանցում է Ուկրաինային: Բացի այդ, պատմական կոմպլեքսներից ազատված այդպիսի Հայաստանը մյուս ծայրով հարվածում է Տաճկաստանին, եւ այդ հարվածը հասկանալի պատճառով գերազանցում է հունականից: Հավասարումների բարդ համակարգ է գոյանում, որին Արեւմուտքը հազիվ թե պատրաստ է, մանավանդ եթե նկատի ունենանք նաեւ իրանական խնդիրը: Այդ երկիրը Հայաստանի շնորհիվ ազատվում է թյուրքական վտանգից: Իսկ Արեւմուտքին դա այժմ պե՞տք է»: