«Մեզ չհաջողվեց կանխել էթնիկ զտումները Ղարաբաղում», ներքին վատ թաքցրած գոհունակությամբ ասում էր ՀՀ վարչապետի աթոռին դրված սրիկան Բայդենի սուրհանդակներին։
ՀՀ ԱԳՆ կոչված կառույցը հայտարարություն է տարածել 44-օրյա պատերազմի 3-ամյա տարելիցին, որն այդ կառույցի ստոր առաքելության յուրահատուկ վավերագիր է՝ «իրավունքներ եւ անվտանգություն, էթնիկ զտում» եւ նման այլ ագենտուրային թեզերով ներծծված։ Հայտարարությունն ավարտվում է այսպես՝ «այսօր մենք ընդգծում ենք տարածաշրջանում ուժի կիրառման դատապարտման, հերթական զանգվածային ոճրագործության կանխման հրամայականը»՝ երաշխիք, որ Հայաստանը չի միջամտելու ոչեւէ պարագային։
Սրիկայի հատուկ հանձնարարություններով խոսող Էդմոն Մարուքյանը հերթական գրառումն է արել այն մասին, թե ինչու են մարդիկ «հեռանում Արցախից»։ Ավանդական գանգատներ Բաքվից ու աշխարհից նույն՝ «իրավունքներ եւ անվտանգություն, էթնիկ զտում» ագենտուրային թեզի հիմքով։
Արցախում տեղի ունեցողը Արցախի բնիկ մեծամասնության՝ հազարամյակների ազգային-պետական ավանդույթը չընդհատելու իրավունքի ուրացման, քաղաքական խնդիրները հումանիտարով՝ «իրավունքներ եւ անվտանգություն, էթնիկ զտում», նենգափոխելու հետեւանքն է։ «Արցախից հեռանալն» էլ է հումանիտար իրավունքի խնդիր, աշխարհը մեծ ըմբռնումով է հետեւում մարդկանց «կամավոր եւ անխոչընդոտ» ելքին։
«Մեզ չհաջողվեց»-ը Հայաստանի ոչնչացման առաջիկա գործողությունների կարգախոսն է, հայության ըմբռնումով եւ հավանությամբ։