Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Մենք ձեռք ենք բերել որոշակի տվյալներ Արցախում տեղի ունեցած խոշտանգումների մասին. ՀՀ ՄԻՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադրբեջանցիների կողմից արցախահայերի առևանգումների, Հակարի կամրջից որոշ մարդկանց, այդ թվում՝ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման դեպքերով ՀՀ ՄԻՊ-ը միջազգային գործընկերների հետ կապի մեջ է և համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում նրանց: Այս մասին այսօր, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով հարցին, թե այդպիսի քայլերի գնացող երկրի հետ արդյոք կարելի՞ է բանակցել, օմբուդսմենն ասաց, որ ինքը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում․ «Ես մարդու իրավունքների պաշտպանության գործառույթով եմ զբաղվում։ Ես չեմ կարող պատասխանել այն հարցերին, որոնք իրենց մեջ նաև քաղաքական որոշակի բաղադրատարր ունեն, և ենթադրում են դրանց տեղեկացվածություն։ Ձերբակալությունների տեսանկյունից՝ սա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց վտանգավոր երեւույթ է, որովհետև այս ամենը տեղի է ունենում մարդու իրավունքների սահմանափակմանը վերաբերելի միջազգային երաշխիքների միանշանակ խախտմամբ։ Ես միջազգային գործընկերների հետ եմ կապի մեջ գտնվում՝ ներկայացնելով համապատասխան տեղեկատվությունը»։

Հարցին, թե ի՞նչ զգացողություն ունեցավ ինքը, երբ լսեց, որ Արցախում մի քանի օրից այլևս հայ չի մնալու, Մանասյանն ասաց․ «Ընդհանրապես ինձ համար շատ ցավալի է որպես մարդ, որովհետև ցանկացած անձ, նույնիսկ կարևոր էլ չէ, թե ինչ ազգություն ունի, երբ ինքը ենթարկվում է նման զրկանքների, նման էթնիկ զտման քաղաքականության, ֆիզիկական ու հոգեկան տառապանքների, ցանկացած անձ չի կարող դա նորմալ ընկալել։ Ինքս այնտեղ եմ գտնվել, և ոչ թե պարզապես հետևել եմ պրոցեսին, այլ անկեղծ կգտնվեմ, ինչով կարողացել եմ՝ աջակցել եմ»։

Դիտարկմանը, երբ Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչվում, արդյոք կանխատեսելի՞ չէր այսպիսի հետևանքը, Անահիտ Մանասյանն ասաց․ «Դա ժամանակակից աշխարհում նորմալ երևույթ չի կարող ընկալվել։ Եվ կապ չունի, թե ում համար ինչն է սպասելի, կամ անակնկալ է, թե՝ ոչ։ Մենք պետք է անընդհատ խոսենք դրա մասին»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Արցախից բռնի տեղահանված մարդկանց վիճակին՝ Մանասյանն ասաց. «Հաշվի առնելով այն, որ նրանք երկար ժամանակ գտնվել են նախ արգելափակման մեջ, երկրորդը՝ վերջին օրերի իրադարձությունները, նաև այդքան երկար ճանապարհին գտնվելու հանգամանքը ազդում է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան վիճակի վրա։ Կարևոր է, որ մենք կարողանանք նրանց պատշաճ մակարդակով դիմավորել, պատշաճ պայմաններ ստեղծել Հայաստանում։ Մենք մշտադիտարկումն իրականացրել ենք մի քանի ուղղություններով։ Առաջին մշտադիտարկումն այս փուլում նրանց իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված է։ Պրոցեսը կազմակերպված է, բնական է, որ հատկապես այսպիսի աննախադեպ հոսքի պայմաններում հնարավոր չէ, որ պրոցեսի շրջանակներում չլինեն որոշակի խնդիրներ։ Այդ խնդիրները կան, ինքներս էլ որոշակի հանգամանքներ արձանագրել ենք, բայց մի մասը պետական մարմնի հետ անմիջապես օպերատիվ քննարկման արդյունքում լուծում ստացել է։ Դրանք իրավունքներին վերաբերող խնդիրներ են եղել, մի մասը ինքս էլ դեռ շարունակում եմ ներկայացնել։ Փորձում ենք հասնել նրան, որ պրոցեսը ավելի հարթ ընթանա, հատկապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց չլինի»։

Հարցին՝ քաղաքացիների շրջաններում կա՞ն գերեվարման դեպքեր, և անդրադառնալով խոշտանգման դեպքերին՝ Մանասյանը պատասխանեց․ «Մենք փաստահավաք շատ լուրջ աշխատանք ենք իրականացրել, որպեսզի դա ներկայացվի պատշաճ, առաջարկում եմ, որ սպասենք, քանի դեռ մենք հրապարակային հանդես չենք եկել։ Մենք ձեռք ենք բերել որոշակի տվյալներ Արցախում տեղի ունեցած խոշտանգումների մասին»։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարում՝ Անահիտ Մանասյանը Գորիսում