«Մայր Հայաստան» դաշինքը կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ։
««Մայր Հայաստան» դաշինքը, լիարժեքորեն հանձնառու լինելով իր հայտարարած սկզբունքներին, մասնավորապես՝ հասնելու ամբողջական իշխանափոխության և նոր ազգային իշխանությունների ձևավորման, որի համար Երևանի ավագանու ընտրությունները դիտարկվում են որպես մեկնարկային քայլ, ինչի համար ստացել է մեր համաքաղաքացիների անգնահատելի վստահությունը, գտնում է, որ ոչ իշխանական դաշտում կոնսենսուսը միակ պայմանն է, որի պարագայում հնարավոր է հասնել «Քաղաքացիական պայմանագրի» իշխանազրկմանը։
Հաշվի առնելով այս առումով մեր հանրության հետ ազնվորեն գործելու անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր հռչակված կուսակցություններին հանդես գալու աներկբա հայտարարություններով և դիրոքորոշումներով, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չեն տա և հնարավորություն կընձեռեն միասնական ջանքերով բացառելու գործող իշխանության վերարտադրումը։
Կոնսենսուսի բացակայության պարագայում՝ նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացումը կմնա միակ լուծումը ստեղծված իրավիճակում»,- նշված է «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ։