Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հոկտեմբերի 1-ից կմեկնարկի բնակության ծախսերի աջակցության ծրագիր

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեկնարկում է բնակության ծախսերի աջակցության ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Յուրաքանչյուր ընտանիքի բնակության ծախսերը հոգալու համար մեկ անձի հաշվով կտրամադրվի ամսական 40 հազար դրամ, գումարած ևս 10 հազար դրամ մեկ անձի հաշվով՝ կոմունալ բոլոր ծախսերի համար: Այս ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կգործի առնվազն 6 ամիս: Ծրագրի շահառու կլինեն բոլոր բռնի տեղահանվածները՝ անկախ տարիքից»,- նշված է գրառման մեջ։

Բացառություն կլինեն այն ընտանիքները, որոնք ՀՀ-ում ունեն բնակարան, ինչպես նաև խնամքի հատուկ կենտրոններում գտնվող անձինք, որոնք չեն կարող բնակարան վարձել:

Նախապես հայտարարված՝ յուրաքանչյուր բռնի տեղահանվածի 100 հազար միանվագ դրամների վճարումը կսկսվի հաջորդ շաբաթ:

Գրառման մեջ նաև տեղեկացվում է, որ Հումանիտար կենտրոնի՝ հոկտեմբերի 1-ի  ժամը 12:00-ի եթերում ծրագրի մանրամասները կներկայացնի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների խնդիրները կշարունակեն գտնվել մեր շարունակական ուշադրության կենտրոնում»,- եզրափակվում է վարչապետի գրառումը։