Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024 թվականի ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար 2024 թվականին ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը:

«Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, որոնց պետք է ապահովենք առաջնային՝ հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում՝ նաև նրանց արժանապատիվ կեցությունը։ Այս պահին, չունենալով բռնի տեղահանվածների քանակի վերաբերյալ հստակ թիվ, մենք բյուջեում հստակ տող ենք սահմանել նրանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի չափն անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով` 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի հիմքում դրվել են ռիսկերի կառավարման նոր մոտեցումներ, որոնք բխում են ներկա տուրբուլենտ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից, որոնք կյանքի անբաժան մասն են դարձել:

«Այս պայմաններում մենք հետևողականորեն բարելավում ենք մեր կանխատեսման գործիքները, որոնց հիման վրա կազմում ենք մի շարք սցենարներ, որոնցից ընտրում ենք մեկը և դնում բյուջեի հիմքում: Մնացած սցենարները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել ռիսկերն ու դրանց հիման վրա ձևավորել պահուստներ, որոնք պետք է ֆինանսական ապահովության բարձիկներ հանդիսանան հիմնական ռիսկերի նյութականացման, ինչպես նաև՝ անկանխատեսելի ծախսերի ի հայտ գալու դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց, որ չնայած դժվարին մարտահրավերներին` ՀՀ տնտեսությունը դրսևորել և շարունակում է դրսևորել բարձր դիմադրողականություն:

Նախարարի խոսքով` տնտեսական աճի և ակտիվության տեմպերը շարունակում են բարձր մնալ, երկնիշ տնտեսական աճը շարունակվել է նաև այս տարվա ընթացքում: Առաջին եռամսյակում արձանագրվել է 10.5 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին` տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.4 տոկոս աճ է եղել: 2023 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է ՀՀ կառավարության թիրախավորած 7 տոկոսի շրջանակում, որը ներկա միտումների պայմաններում կարող է նույնիսկ ավելին լինել:

Հովհաննիսյանը ավելացրեց, որ 2024 թվականին ևս թիրախավորում են ապահովել 7 տոկոս տնտեսական աճ և հարկեր, ՀՆԱ ցուցանիշի բարելավում շուրջ 0.75 տոկոսային կետով: Դրա  արդյունքում հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 566 մլրդ դրամ՝ 2023 թվականի ճշտված բյուջեի հարկային եկամուտները գերազանցելով 342 մլրդ դրամով կամ 15.4 տոկոսով: