Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Կլսե՞ն զսպվածության կոչերը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ ընդդիմությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ակտիվ գործողությունները, իսկ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը կոչ է արել ժամանակավորապես սառեցնել մեղավորների փնտրտուքը: Այդ գնահատականների եւ կոչերի մեջ ես տրամաբանություն տեսնում եմ՝ շատ լավ կլիներ մի քանի շաբաթով իջեցնել քաղաքական կրքերի լարվածությունը՝ այնքան ժամանակ, մինչեւ Արցախից տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չունենան այստեղ իրենց համար բնակվելու քիչ թե շատ տանելի պայմաններ եւ չգտնեն աշխատանք:

Այդ առաջարկների միակ թերությունն այն է, որ «հակամարտող կողմերը» դժվար թե լսեն դրանք: Եթե հետեւենք կայքերին եւ եթերին, ապա դրանց բովանդակության գերիշխող մասը փոխադարձ մեղադրանքներ են: (Հավանաբար, ֆեյսբուքում այդ պայքարը շատ ավելի կրքոտ դրսեւորումներ է ստանում՝ չեմ կարող ասել, որովհետեւ այդ հարթակում չկամ): Ընդդիմությունը հիմնականում ասում է, որ մեղավոր է Փաշինյանը, ինչն, ըստ իրենց, ենթադրում է, որ ռուսները մեղավոր չեն: Իշխանությունն էլ պնդում է, որ մեղավոր են ռուսները, եւ, հետեւաբար, Փաշինյանը մեղավոր չէ: Այդ «եւ, հետեւաբար»-ը ես երկու դեպքում էլ, ճիշտն ասած, չեմ հասկանում. Ի՞նչ է, մեկը մյուսին բացառո՞ւմ է:

Իշխանական քարոզչությունն ունի եւս մի թիրախ՝ մեղավոր է Արցախի ներկայիս իշխանությունը եւ բոլոր այն մարդիկ, որոնց հարաբերությունները Փաշինյանի հետ հարթ չէին: Այդ քարոզչությանը, Հայաստան հասնելուն պես, լծվել էր, մասնավորապես, Սամվել Բաբայանը: Երբ Արցախի ներկա եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչներին թշնամին գերի է վերցնում՝ հաշվեհարդար տեսնելու ակնհայտ նպատակով, երբ նրանց կյանքին վտանգ է սպառնում, չեմ կարծում, որ նման խոսակցությունները պատեհ են: (Ի դեպ, մյուս կողմից, էթիկապես անընդունելի եմ համարում նաեւ այն խոսակցությունները, թե ինչու է Սամվել Բաբայանը կարողացել մեկնել Արցախից, իսկ մի շարք այլ գործիչներ չեն կարողացել: Պետք է ուրախանալ ամեն մի հայի՝ ազատ եւ ապահով լինելու առիթով): Այս մեղադրանքների շրջանակներում ՀՀ իշխանության թեզն այն մասին, որ Արցախի Պաշտպանության բանակը միայնակ կարող էր ավելի երկար դիմադրեր ադրբեջանա-թուրքական բանակի հարձակմանը, այդ քարոզն ինձ անհեթեթ է թվում:

Մի խոսքով, այո, ցանկալի է, որ քաղաքական ուժերն իրենց քարոզչության մեջ որոշ ժամանակ ավելի զուսպ լինեն: Իսկ դրանից հետո, կարծում եմ, պետք է մտածեն Հայաստանի Հանրապետությունը փրկելու մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ