Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով։ Այս հայտարարությունը հրապարակվել է ինստիտուտի` X սոցցանցի միկրոբլոգում։
«Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել։ Նա և Արցախի կառավարության ու ինքնապաշտպանության բանակի ներկա և նախկին անդամներ կոչվել են «անջատողականներ և ահաբեկիչներ»… Որակումներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի ձերբակալություններն ու սպանություններն արդարացնելու համար»,– ասված է հայտարարությունում։
Ինստիտուտից նշում են, որ Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունն արդարացված է` հատկապես հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանանում են 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները:
«Դա լավ փաստագրված է»,– ընդգծել է Լեմկինի ինստիտուտը։
Կառույցը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր առաջնորդներին կոչ է անում, որպեսզի պահանջեն Ռուբեն Վարդանյանի անվտանգ տեղափոխումն Ադրբեջանից, իսկ Արցախի կառավարության մյուս անդամների, ինչպես նաև պաշտպանության բանակի զինծառայողներն անարգել դուրս գան Արցախից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: