Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին: Արձանագրությունը ԿԸՀ բոլոր անդամների կողմից ստորագրվել է հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում:
ԿԸՀ-ում ստացվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Վահագն Կարապետի Հայրապետյանի, Մարգարիտ Վահանի Խաչատրյանի, Ռուզաննա Գրիգորի Երեմյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները՝ վավերացված նոտարական կարգով:
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված այս թեկնածուների գրանցումները:
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ ընտրական օրենսգրքի համաձայն՝ Երևանի ավագանու անդամ ընտրված թեկնածուների մասին արձանագրությունը հնգօրյա ժամկետում ուղարկվում է վարչապետին:
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 24 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 14 մանդատ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- 12 մանդատ
«Հանրապետություն» կուսակցություն- 8 մանդատ
«Հանրային ձայն» կուսակցություն- 7 մանդատ: