Հայաստանի կառավարությունը շուտով կներկայացնի ծրագիր՝ «քարտեզ», որով կներկայացնի, թե ինչպես է հոգալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում:
«Բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ՝ 24/7 ռեժիմով Սյունիքում աշխատանքներ են տարվում մեր հայրենակիցներին ընդունելու, նրանց առաջնային խնդիրները լուծելու, կացարաններով ապահովելու համար: Հոսքը բավականին մեծ է: 3 մլն-անոց հանրապետության համար այդպիսի քանակությամբ ժողովրդի Հայաստան գալը բավականին լուրջ ցնցումների է ենթարկել պետական ողջ ապարատը, պետական ապարատն այսօր գործում է գերծանրաբեռնված և արտակարգ ռեժիմով»,-ասաց պատգամավորը:
Մեծ աշխատանք են տանում նաև բնակիչները, կամավորները հատկապես Սյունիքում՝ աջակցելով պետական կառավարման մարմիններին: Խաչատրյանը շեշտեց, որ Սյունիքը միասնական է, բոլորը լծված են աշխատանքին:
«Երկրորդ փուլով պետք է հասկանանք, թե որտեղ են բնակվելու այդ մարդիկ, պետք է լուծվի նրանց կացարանի հարցը:Շուտով կառավարությունը կներկայացնի ծրագիր՝ քարտեզը, որով ցույց կտրվի, թե մեր տեղահանված քույր-եղբայրների ապագան ինչպես ենք պատկերացնում, ինչպես ենք հոգալու նրանց բոլոր խնդիրները»,-նշեց նա: