Կանադայի երկու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կոչ են արել վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի ֆոնին:«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝այդ մասին հայտնում է կանադական CBS հեռուստաալիքը։
«Նոր դեմոկրատական և «Քվեբեկյան բլոկ» կուսակցությունները կոչ են անում Թրյուդոյի կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ ի պատասխան նրա՝ Լեռնային Ղարաբաղ ռազմական ներխուժման»,-ասվում է հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Նոր դեմոկրատական կուսակցության անդամներն անցած շաբաթ նամակ են հղել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ։ Նամակի հեղինակները նշել են, որ այս հակամարտությունը լուծելու ռազմական ճանապարհ չկա, «միայն դիվանագիտական ճնշումը և համապարփակ երկխոսությունը կհանգեցնեն երկարաժամկետ լուծման»։ Նամակում նրանք կոչ են արել կառավարությանը դիտարկել «Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ նպատակային պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, որոնք պատասխանատու են տարածաշրջանում միջազգային իրավունքի և մարդու իրավունքների խախտման համար»։
«Մենք գիտակցում ենք, որ Կանադան մեծ դեր չի խաղում այս տարածաշրջանում, բայց սա այն է, ինչ մենք կարող ենք անել, սա այն է, ինչ կարող է անել Կանադայի կառավարությունը՝ արտահայտելու մեր մտահոգությունը»,-հեռուստաալիքին ասել է Նոր դեմոկրատական կուսակցության նախագահ Հեզեր Մաքֆերսոնը:
Բացի այդ, նշում է հեռուստաալիքը, երեքշաբթի օրը «Քվեբեկյան Բլոկ» կուսակցությունից Կանադայի Համայնքների պալատի անդամ Ստեֆան Բերժերոնը խորհրդարանական հանդիպման ժամանակ նույնպես կոչ է արել իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Կանադայի ԱԳՆ ղեկավարը, ինչպես հայտնում է հեռուստաալիքը, ի պատասխան ընդդիմության կոչերի, ասել է, որ դիտարկվում է պատժամիջոցների ներդրման հնարավորությունը։