Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ինչո՞ւ չի հաջողում ընդդիմությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Երեկոյան, աշխատանքից հետո եկող մարդիկ, երբ գործողություն են պահանջում, դա արդեն բռնի գործողություն է: Իսկ եթե բռնի գործողության մասին ենք խոսում՝ սա ամբողջովին փոխում է հարցի իմաստը». «Առավոտի» զրուցակիցն է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը: 

– Ընդդիմությունը հայտարարեց հանրահավաքները դադարեցնելու մասին, թեեւ նշված  պատճառը միանգամայն հասկանալի է, բայց տարակուսելի է նաեւ ստեղծված իրավիճակում պայքարը թուլացնելը: Ստացվում է՝ իշխանությանն այդպիսով հնարավորություն է տրվում:

– Իրականությունն այն է, որ մի քանի պայման է անհրաժեշտ ապահովել. առաջին կարեւոր պայմանը՝ հետադարձ կապի մեխանիզմ պետք է ստեղծել եւ դա պետք է աշխատի: «Ազգային կոմիտեն» ստեղծվեց սեպտեմբերի 19-ի դրամատիկ իրադարձությունների ֆոնին ու հապճեպ կազմավորված մարմինը, որն իր առջեւ դնում է իշխանափոխության խնդիր, որը շատ բարդ իրականանալի խնդիր է՝ գործող իշխանությունների կողմից ամենադաժան ձեւով դիմադրության պայմաններում, հասկանալի է, որ տեղի է տալիս այնպիսի իրավիճակիների, այնպիսի խնդիրների, ինչին որ ականատես ենք լինում: Եվ, մանավանդ որ, հետադարձ կապի մեխանիզմն էլ լավ չի աշխատում: Այսինքն, առնվազն հրապարակում կանգնած մարդկանց ակնկալիքները, որոնք որոշ դեպքերում ռացիոնալ չեն թվա, կթվան էմոցիոնալ, բայց դրանք պետք է հաշվի առնել:

Երկրորդ՝ իշխանափոխությանը պետք էր շատ ավելի վաղուց եւ կոնստրուկտիվ մթնոլորտում, համախմբող թեզերի շուրջ նախապատրաստվել, տանել կազմակերպչական մեծ աշխատանք: Լավ է ուշ՝ քան երբեք. պետք է ավելի մանրամասն նախապատրաստվել, ավելի լուրջ կազմակերպչական եւ տեղեկատվական աշխատանք կատարել՝ համախմբման ձեւով: Մեկ ուժը ի վիճակի չէ դա անել, կոլեկտիվ առաջնորդության պարագայում, պետք է մանրամասն պատրաստվել՝ տարբեր ուժերի մասնակցությամբ:

– «Ազգային կոմիտեն» գնում է նույն ճանապարհով, ինչ ճանապարհով «Հայրենիքի փրկության շարժումը», «Դիմադրության» շարժումը, որոնք, փաստորեն, հաջողություն չարձանագրեցին, քանի որ այսօր ունենք փաստացի կորսված Արցախ, Սյունիքն էլ վտանգի տակ է. չե՞ք կարծում, որ արտառոց իրավիճակներում, այլ լուծումներ պետք է գտնել, ոչ թե դասական ճանապարհով շարունակել գնալ, մանավանդ որ, հանրային որոշ շրջանակներում դա տպավորություն է ստեղծում, թե ընդդիմությունն իշխանության հետ սինխրոնիզացված աշխատում է՝ օգնելով իշխանությանը:

– Սայթաքումներն ու խնդիրները, գուցե, այո, մարդկանց իրավունք տան մտածել, որ ընդդիմությունն իշխանության հետ սինխրոն է գործում. ես, բնականաբար, դա ավելի շատ վերագրում եմ հենց կարծրացածությանը, այդ թվում նաեւ իմ կողմից կարծրացած մտածողությանը, ինչը որ անհանդուրժելի է: Լսել շատ է պետք:

Ավելի առարկայորեն՝ կոլեկտիվ առաջնորդությունը քաղաքական պետք է լինի եւ այդ տեսանկյունից, «Ազգային կոմիտեի» ձեւաչափը ես համարում եմ ճիշտ ձեւաչափ, բայց սա ամենասկզբնականն է, ամենամիջուկայինը: Կառույցը պետք է որոշակիորեն ընդլայնվի եւ այդ ընդլայնումը պարտադիր չէ, որ տեղի ունենա մարդ-կուսակցությունների հաշվին, այլ պետք է տեղի ունենա ուղեղների եւ հանրային ընկալումներում դրական դիտարկվող մարդկանց հաշվին: Հասկանում եմ, որ ընդլայնված ձեւով որոշում ընդունելը շատ դժվար է, բայց կրիտիկական իրավիճակներում անհնար չէ:

– Եվ երբ ասվում է, որ կրիտիկական զանգված պետք է լինի փողոցում, որ իշխանությունը տեղի տա, հաշվարկե՞լ եք, օրինակ, քանի՞  մարդն է համարվում կրիտիկական զանգված: Մի քանի օր առաջ Հանրապետության հրապարակը լեցուն էր, պատկերավոր ասած՝ մեկ հրապարակ մարդ կար. դա կրիտիկակամ չէ՞ր:

– Այդ հարցի հասցեատերն առավելապես քաղտեխնոլոգներն են, բայց այնպես, ինչպես ես եմ պատկերացնում, դեռ կրիտիկական չէր: Այստեղ կարեւորը ոչ թե երեկոյան հանարահավքի բազմամարդությունն է, այլ առավոտյան ակցիաների ժամանակ է պետք փողոցում բազմամարդ ներկայություն՝ ոչ բռնի իշխանափոխություն անելու համար: Դա է պետական մեքենան կանգնեցնելու: Երեկոյան, աշխատանքից հետո եկող մարդիկ, երբ գործողություն են պահանջում, դա արդեն բռնի գործողություն է: Իսկ եթե բռնի գործողության մասին ենք խոսում՝ սա ամբողջովին փոխում է հարցի իմաստը:

Ուղղորդումները գուցե ճիշտ չեն իրականացվում, ինչը չի հանգեցնում առավոտյան ակցիաների բազմամարդության. այս տեսանկյունից, միգուցե, կարող ենք ասել, որ հրապարակում կրիտիկական զանգված կար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ