Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հունվարի 1-ից 206 դատավորներ 1 մլն դրամից ավելի աշխատավարձ կստանան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարաններին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորների անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարաններում առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից։

«Օրենքով առաջին ատյանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին եւ պատասխանատվությանը։ Դատավորների՝ կարմիր նշակետը հատող գերծանրաբեռնվածությունը եւ այդ ծանրաբեռնվածության ու դատավորների վարձատրության անհամապատասխանությունը ցայտուն է։ Ընդ որում, քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանի դատավորները։ Արդյունքում՝ դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր՝ համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների թափուր պաշտոնները համալրելու ցանկության ու շահագրգռվածության բացակայության մասով։ Օրենքում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում հավելում է սահմանվել Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այնուհետեւ վերանայվել են Վճռաբեկ դատարանի ու սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափերը։ Որպես այս փոփոխությունների տրամաբանական շարունակություն՝ անհրաժեշտություն՝ անհրաժեշտություն է վերանայել նաեւ դատական համակարգում ծանրաբեռնվածության մեծ բեռ կրող առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության չափը»,- ասաց փոխնախարարը։

Այս նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից 60 տոկոս հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Սնանկության եւ Վարչական դատարանների դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն։ Լևոն Բալյանն ասաց, որ հավելման շնորհիվ այս դատավորների աշխատավարձը կկազմի 1 մլն 60 հազար դրամ։

«Այսինքն՝ այնպիսի աշխատավարձ, որը դեռ եվրոպական չափանիշների չի բավարարում, բայց մոտենում է դրան»,- արձանագրեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Չի բավարարում, կարծում ենք, որ հետզհետե կհասնենք ձեր վկայակոչած եվրոպական չափանիշներին»,- պատասխանեց Բալյանը։

Արդարադատության նախարարի տեղակալը նաեւ տեղեկացրեց, որ աշխատավարձի բարձրացումն ազդեցություն կունենա 206 դատավորի վրա, որոնք ընդհանուր դատական համակարգի 65․6 տոկոսն են կազմում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ