Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀԲԸՄ. Ռուբեն Վարդանյանի ցուցադրական ձերբակալությունը հստակ ուղերձ է աշխարհին

Ադրբեջանական իշխանությունների կողմից ականավոր հայ բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին լուրը, ով 2020 թվականի պատերազմից հետո հաստատվել էր Լեռնային Ղարաբաղում և զբաղեցրել պետական նախարարի պաշտոնը, միջազգային հանրությանն ուղղված ևս մեկ ահազանգ է, որ Ադրբեջանը լրջորեն տրամադրված է հատուցում պահանջել ցանկացած հայից, ով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի կառավարմանն ու պաշտպանությանը: Այս աղմկահարույց ագրեսիան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացրած մի շարք ձերբակալություններից և մարդկության դեմ իրագործած հանցագործություններից մեկն է միայն:

«Այս ցուցադրական ձերբակալությունը հստակ ուղերձ է աշխարհին, որ Ադրբեջանը քայլում է իր թուրք դաշնակիցների ցեղասպան հետագծով: Փաստորեն, ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր, և մենք վերադարձել ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության զրոյական կետին: Միջազգային դերակատարները պետք է հստակ դիրքորոշում ընդունեն՝ ապահովելու իրենց պապենական հայրենիքը ստիպողաբար լքող բոլոր քաղաքացիների արժանապատիվ ելքն այնտեղից»,- հայտարարեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը՝ անդրադառնալով Վարդանյանի ձերբակալության տագնապալի լուրին։

ՀԲԸՄ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ յուրաքանչյուր երկրին, ազատ աշխարհի պետությունների ղեկավարներին և արտաքին գործերի նախարարություններին միավորել ուժերն ու անհապաղ գործել։ Աշխարհը հետևում է, թե որքանով են միջազգային լծակները գործում Ադրբեջանին կանգնեցնելու գործում։

«Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է կարողանան առանց խոչընդոտի դուրս գալ այնտեղից։ Խոշոր տերությունների ավելի մեղմ արձագանքը նրանց մեղսակից կդարձնի Ադրբեջանի՝ ընդամենը մի քանի օրում հայերի բազմաթիվ սերունդներ ոչնչացնելու գործողություններին:

Ժամանակն է խոսքից անցնել գործի: Պետք է կիրառել բոլոր գործնական ճնշումները Ռուբեն Վարդանյանին և բոլոր ապօրինի ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու համար։ Ժամանակն է, որ բոլոր այն ազգերը, որոնք քարոզում են մարդու իրավունքների պաշտպանություն և խաղաղություն, միջամտեն՝ հանուն մահացու վտանգի մեջ գտնվող հազարավոր հայերի փրկության»,-ասված է հայտարարության մեջ։