Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Երեւանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը քիչ առաջ ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է վերջին օրերի իրադարձություններին եւ հետագա անելիքներին. «Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, մեր արցախցիների հետ, հայոց պատմության ամենածանր, ամենադժվար, ամենատրագիկ էջերից մեկն է: Մենք պետք է հասկանանք՝ ինչու սա տեղի ունեցավ, ովքեր էին մեղավորները, որպեսզի այդ ամենը արձանագրենք, շարժվենք առաջ՝ հույս ունենալով, որ ապագայում այդ սխալները թույլ չենք տալու: Ինչպես յուրաքանչյուր արհավիրք, աղետ, մեր այս աղետը նույնպես չունի մեկ պատճառ: Արտաքին պատճառների մասին չի խոսքը, այլ՝ ներքին: Սա տարբեր խնդիրների հանրագումարն է, որը բերեց սրան»:
Ըստ Մարությանի, արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո պետք է պետությունը զարգացնեինք, գիտությունն ու տնտեսությունը, բանակը ուժեղացնեինք, մինչդեռ դրա փոխարեն պետության պատասխանատուները սկսեցին «ուտել պետության, բանակի փողերը», հարստացան՝ աղքատացնելով պետությունը. «Դա կատարվեց մինչեւ 2018 թվականը, որից հետո ժողովրդի համբերության բաժակը լցվեց, ժողովուրդը դուրս եկավ փողոց եւ արեց հեղափոխություն»:
Մարությանի խոսքով՝ այդ ժամանակ հույս կար, որ լավ կլինի, բայց նոր իշխանությունները «ձախողեցին արտաքին քաղաքականությունը». «Մենք չտեսանք որեւէ քայլ, որը ներկա իշխանություններն արեցին, որ ճիշտ լիներ, կբերեր հարցի լուծմանը: Բոլորս ենք հասկանում, որ արցախյան հարցը եկել հասել էր մինչեւ 2018-ը շատ բարդացած, ծանրագույն վիճակում, բայց այդ պահից սկսած՝ հարցը է՛լ ավելի բարդացավ, որովհետեւ ոչ մի լուծում, ոչ մի քայլ չի եղել ճիշտ, չի եղել պրոֆեսիոնալ: Ի վերջո ունեցանք այն արդյունքը, որն այսօր ունենք: Փաստացի մեր 30 տարվա պայքարը, մեր զրկանքները, պատերազմները, մեր զոհված տղերքը, այդ կյանքերը, որոնք գնացին ու չեն վերադառնալու, այդ ամեն ինչը այսօր զրոյացավ: Սա պետք է արձանագրենք, որպեսզի դասեր քաղենք: Հիմա հարցնում են՝ բա ի՞նչ անենք, ո՞նց ենք շարժվելու առաջ»:
Խոսելով հանրահավաքների մասին՝ Մարությանն ասաց, որ դա բնական ու նորմալ գործընթաց է, մարդիկ դուրս են գալիս փողոց, որ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան՝ ով է պատասխան տալու այս ամեն ինչի համար: Իսկ թե ինչու ինքն անձամբ չի միանում հանրահավաքներին, Մարությանն այսպես բացատրեց. «Ես եւ մեր թիմը գտնում ենք, որ իշխանափոխությունը կարող լինել եւ պետք է լինի ընտրությունների միջոցով՝ սահմանադրական կանոններով: Երեւանի ընտրությունները ցույց են տալիս, որ լինում է ընտրությունների միջոցով փոփոխություն անել: Երեւանի ընտրություններին իշխանությունները հավաքել են 32%, չեն հավաքել անհրաժեշտ ձայների մեծամասնություն, որ ձեւավորեն քաղաքային իշխանություն: Մեր թիմն այս պայքարը 2-3 ամիս է սկսել, իշխանափոխության պայքար է: Մենք ասում ենք, որ սկսում ենք Երեւանից, այնուհետեւ պրոցեսները պետք է ընդլայնվեն: Վերջին մի ամիսը մեր թիմը եղել փողոցներում: Մենք բակ ա բակ, փողոց առ փողոց անցել ենք բոլոր վարչական շրջաններով, մտել ենք ձեր բոլորի բակերը, խնդրել ենք, աղաչել ենք, համոզել ենք, ասել ենք՝ եկեք գնանք ընտրությունների»:
Կարդացեք նաև
Հայկ Մարությանը երկու առաջարկ էր արել՝ կա՛մ ընդդիմությունն իրեն ընտրեր քաղաքապետ, ինքը դառնար միասնական թեկնածու, կա՛մ նոր ընտրություններ անցկացվեին: Այսօր Մարությանն ասաց, որ 2 ընդդիմադիր քաղաքական ուժ են արձագանքել իր առաջարկին՝ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Հանրային ձայնը»: «Հանրապետություն» կուսակցությունը, ըստ Մարությանի, միանալու է ՔՊ-ին ու փորձելու են կազմել քաղաքային իշխանություն. «Սա նշանակում է, որ եթե իրենք այդպես անեն, կստացվի, որ այն մարդիկ, որոնք ընտրել են «Հանրապետություն» կուսակցությանը, փաստացի ընտրել են ՔՊ-ի թեկնածուին, կապրենք՝ կտեսնենք»:
ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության հետ միասին 32 մանդատ են ունենում, իսկ ընդդիմադիր ձայները միացնելու դեպքում 33 մանդատ է ստացվում: Մարությանն ասաց, որ «Մայր Հայաստան» դաշինքը համաձայն է առանց որեւէ պայմանավորվածության ու նախապայմանի իրենց ձայները տալ միասնական թեկնածուին, զուտ պետք է համոզված լինեն, որ այդ թեկնածուն ուզում է իշխանափոխություն: Հայկ Մարությանը վստահեցրեց, որ իրենք հենց իշխանափոխության էլ գնում են:
Ինչ վերաբերում է «Հանրային ձայն» կուսակցությանը, պայման են դրել, որ վերահսկողական վարչության պետի պաշտոնը տան իրենց.«Բացարձակ ոչ մի դեմ բան չունենք դրա հետ, լավ է,լ որ պրոֆեսիոնալ մեկը գա ու սկսի աշխատել այդ պաշտոնում, որովհետեւ համակարգը շատ մեծ է, մարդիկ շատ են, որոնք փորձում են օրենքից դուրս անել մի բան, բնականաբար, շատ ուժեղ վերահսկողական ծառայություն է պետք, մեզ պետք կգա լավ մասնագետ: Եթե լավ մասնագետ ունի այս քաղաքական ուժը, խնդիր չկա, մեծ հաճույքով, բայց այստեղ կարեւոր բայց կա: Քանի որ վարչության պետը ինքնին համայնքային ծառայող է, իսկ համայնքային ծառայողին քաղաքապետը չի կարող նշանակել: Լինում է մրցույթ եւ այդ մրցույթով է ընտրվում վարչության պետ: Սա նշանակում է, որ այս պաշտոնը մենք չենք կարող խոսք տալ որեւէ քաղաքական ուժի, կամ թուղթ ստորագրել, որ պարտավորվում ենք այդ պաշտոնը տալ այն քաղաքական ուժին, որն ուզում է զբաղեցնել այն, օրենքով դրա իրավունքը չունենք: Երբ որ լինենք իշխանություն, կհայտարարենք մրցույթ, եթե ունեք լավ մասնագետ, որը իսկապես կկարողանա գլուխ հանել այդ ամեն ինչից, իրոք լավ ձեւով վերահսկել համակարգը, եկեք մասնակցեք, հաղթեք մրցույթում, մեծ հաճույքով կնշանակեմ այդ մարդուն այդ պաշտոնին, թող սկսի աշխատել, ընդ որում, խնդրանքս այն կլինի, որ իր ստուգումները սկսի հենց ինձանից: Թող ստուգի այն, ինչ երեք տարվա մեջ եղել է, նաեւ անպայման ստուգի այս ընթացքը, որը հիմա իրականացվում է»:
Մարությանը առաջարկեց ընդդիմադիրներին ստեղծել ավագանու քննող հանձնաժողով ու քննի հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարց, հանձնաժողովի նախագահը կլինի այդ կուսակցությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ