Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
«Հայաստանին և Հայաստանի բնակչությանը պակասում է և կարիք կա նոր լուսավորչական շարժման»,- Aravot.am-ի հարցին՝ «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միությունը ի՞նչ ճանապարհային քարտեզ, գործողությունների ծրագիր ունի այս ճգնաժամային իրավիճակից ելքի համար, միության մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց միության խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Գասպարյանը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մի խումբ համախոհ շրջանավարտների կողմից ստեղծված «Ex Oriente» միության նպատակը ձևավորվեց 2020-ի Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Միության նպատակն է մոբիլիզացնել ֆակուլտետի շրջանավարտների՝ աշխարհով մեկ սփռված ներուժը, նպաստել Հայաստանի զարգացմանը։ Միությանը կից գործում է Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդը, որի նպատակն է միավորել ՀՀ ուսանողների ներուժը հետազոտական և գիտական գործունեության շուրջ, ստեղծել երիտասարդ մասնագետների ցանց։
«Քաղաքացիական դիվանագիտության» նախաձեռնությունը ձգտում է բարելավել ՀՀ-ի և նրա ժողովրդի ընկալումն ու ըմբռնումը Կովկասի, Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի առանցքային երկրների հանրության շրջանում, ու նպաստել այդ երկրների մասին հայ հանրության ճանաչելիության բարձրացմանը։
Արսեն Գասպարյանը վստահեցրեց՝ լուսավորչական շարժման ստեղծման գործում միությունը կունենա իր ներդրումը․ «Գրեթե բոլոր բնագավառներում ունենք խնդիրներ՝ հատկապես ամենամեծ խնդիրները կրթության ու գիտության ոլորտում են։ Հետևաբար մեր երկրին պետք է նոր լուսավորչական շարժում, որը քաղաքական միտք կձևավորի ՀՀ-ում»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք աշխատելո՞ւ են ՀՀ ԱԳՆ-ի հետ, «Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության խորհրդի հիմնադիր անդամ Զարմինե Զեյթունցյանն ասաց․ «Ենթադրվում էր աշխատանք ու համագործակցություն ՀՀ ԱԳՆ-ի հետ, եթե այն ունենար ձևավորած հստակ խոսույթ, որը մենք պատրաստ էինք հնչեցնել․ իդեալական պայմանների մասին է խոսքը։ Ի վերջո, եթե խոսում ենք միասնական ուղերձի մասին, դա ճիշտ կլինի, որ գա ոչ թե մեր կողմից, այլ լինի պետական։ Բայց այսօր դա չկա։ Քաղաքացիական դիվանագիտությունը սկսվել է տարբեր երկրներում․ այն ներքևից եկած նախաձեռնություն է, երբ երկրում չի եղել այդ միասնական խոսույթը։ Մենք մեզ վրա չեմ կարող ասել, որ պետության դերակատարություն ենք վերցնում, չենք կարող, չենք էլ ուզում, բայց դրա համար մենք սկսում ենք նախաձեռնություն։ Երբ կլինի այն կազմակերպությունը, որը մեզ վերևից կտա այն նարատիվը, մենք կհամագործակցենք»։
Արսեն Գասպարյանը հիշեցրեց՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտները ԽՍՀՄ տարիներին պայքարում էին ԽՍՀՄ-ի դեմ մեր անկախության համար․ «Մեր ֆակուլտետի շրջանավարտները կանգնած են եղել պետականաշինության ակունքներում։ Եթե նայենք ԱԳՆ-ում, ապա արցախյան երկրորդ պատերազմից հետո մեր դիվանագետներից շատերը դուրս եկան ԱԳՆ-ից, որոնք 25-30 տարվա փորձ ունեին։ Մենք չէինք ունեցել դիվանագիտական ավանդույթ ՀՀ-ում հայտնի պատճառով, և մեր ավանդույթները 25-30 տարի էր՝ 1991-92-ից աշխատած այն դիվանագետներն էին, որոնք ատաշեից ծառայեցին մինչև արտակարգ և լիազոր դեսպան։ Այդ փորձը կա, գիտելիքը կա, արևելագետներից շատերը նույնպես սովորել են աշխարհի լավագույն համալսարաններում և վերադարձել ՀՀ։ Կարծում եմ՝ այդ բոլորի ներուժը մենք կարող ենք օգտագործել»։
Aravot.am-ի հարցին՝ արդյոք պետական մակարդակով կա՞ ցանկություն օգտագործել այդ ներուժը, Արսեն Գասպարյանը պատասխանեց․ «Մեր կազմակերպությունը ՀԿ է։ Մենք գործ չունենք պետության հետ․ մենք ունենք մեր ներուժը, մենք մեր ներուժով փայլուն կաշխատենք»։
«Ex Oriente» Հայաստանի արևելագետների միության խորհրդի հիմնադիր անդամ Արթուր Խաչիկյանն էլ ասաց․ «Իմ անձնական փորձից եմ ասում։ Եղել են առաջարկներ օգնել, բայց դրանք չեն ընդունվել։ Խնդիրներից մեկն այն է, որ այդ մի քիչ մեծամիտ կադրային քաղաքականությունն ընդունվեց․ մենք գիտենք, դուք մեզ մի ասեք»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ