Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հարկային ծառայության մասին» օրենքի 8.1-ին հոդվածը, ինչպես նաեւ 39-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը 2023 թվականի հունվարի 1-ից իր հաստիքներով ու գործառույթներով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի համակարգ:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի` առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել համապատասխան իրավական հիմքեր օտարերկրյա պետություններից փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներմուծվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին ներկայացման համար: Համապատասխան տեղեկությունների հավաքագրման եւ մաքսային մարմիններին փոխանցման արդյունավետության ապահովման նպատակով նախագծերով սահմանվում են նաեւ փոստային եւ սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց տեղեկատվական համակարգերին ներկայացվող պահանջներ եւ տեղեկությունների ցանկի սահմանման իրավասություն: Նախատեսվում է նաեւ համապատասխան տեղեկությունների մաքսային մարմիններին չներկայացումը սահմանել որպես համապատասխան գործունեության լիցենզիայի կասեցման հիմք:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է երկու փոփոխություն, իսկ նախարարության եւ Ազգային ժողովի փորձագիտական վարչությունները` խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ընդունվել են: Արդյունքում նախագծերի փաթեթը լրամշակվել է:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի` ««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի ընդունումը բխում է «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի պահանջներից:

Նրա հավաստմամբ առաջարկվում է լրացնել վտանգավոր բեռների փոխադրման գործընթացի կազմակերպումը կանոնակարգող օրենսդրական բացերը` ապահովելով համաձայնագրի պահանջներին համապատասխան իրավական ակտերի ընդունումը, ինչպես նաեւ կսահմանվեն վտանգավոր բեռներ փոխադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, դրանց ձեւերի եւ տրման կարգավորումները, վարորդների եւ անվտանգության մասնագետների մասնագիտական վերապատրաստումների եւ որակավորման վկայականի տրման պահանջները: Սահմանվում է նաեւ «վտանգավոր բեռներ» հասկացությունը:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո ԱԺ փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից ներկայացված տեխնիկական բնույթի բոլոր առաջարկություններն ընդունվել են:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված բոլոր նախաձեռնություններին:

Հանձնաժողովը քննարկել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է թույլատվական փաստաթղթերի տրամադրումը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով իրավական ակտերում փոփոխություններ իրականացնելու գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ արտաքին առեւտրի ոլորտում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար կստեղծվեն առավել պարզեցված պայմաններ, քանի որ արտաքին առեւտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված թույլատվական փաստաթղթերի ներկայացման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով: Նախարարի տեղեկացմամբ նախագծի ընդունմամբ կամրագրվի, որ թույլատվական փաստաթղթերի տրամադրումն այլեւս չի իրականացվի նաեւ թղթային տարբերակով, ինչպես թույլ է տալիս գործող կարգավորումը:

Վահան Քերոբյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է բնագավառում փորձագիտական եզրակացություն տրամադրող մարմինների գործունեության համար անհրաժեշտ պահանջների սահմանմամբ բարելավել վերջիններիս գործունեությունը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերին: