Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Գագն այդ տղան չէր, որ որևէ մեկի ստվերի, անվան տակ իրեն «լավ» զգար»․ 44 օրյա պատերազմում նահատակված հերոսի մայր

2001 թվականին ծնվել էր Գագը՝ Գագիկ Աբրահամյանը:

Մայրիկը՝ տիկին Ռիտան ArmLur.am-ին պատմում է, որ առողջական խնդիրների պատճառով մի փոքր ուշ էր ծնվել, բայց ոչ ուշացած ու ամբողջ կյանքում էլ շտապող բնավորություն է ունեցել: «Ամեն ինչ նախընտրում էր արագ անել, կարծես վախենում էր ուշանալ: Հիշում եմ՝ բուժքույրերը կես կատակ կես լուրջ «արթունիկ» էին ասում Գագիս, քանի որ երբ մտնում էին սենյակ, տեսնում էին, որ Գագն աչքերը բաց այս ու այն կողմ է նայում կարծես հսկում է բոլորին»:

Մոր խոսքով՝ հետագայում պատերազմի դաշտում հենց այդպես էլ եղավ: «Հաշվարկի հրամանատար էր՝ հրանոթի, վեց ամիս սերժանտական կուրսեր է անցկացրել Լուսակերտում, ապա տեղափոխվել Իջեւան, այնտեղ շատ քիչ ժամանակ ծառայելուց հետո դիմում է գրում, որ իրեն տեղափոխեն Արցախ: Նա կարող էր Իջեւանում որեւէ խնդիր չունենալ, բայց Գագն այդ տղան չէր, որ որևէ մեկի ստվերի, անվան տակ իրեն «լավ» զգար: Ամեն տեղ ինքն իր անունն էր ներկայացնում»:

Տիկին Ռիտան պատմում է, որ ինչ-ինչ պատճառներով տեղափոխությունն ուշանում է եւ սեպտեմբերին սկսվում է պատերազմ: «28 օր Գագը եղել է Արցախում, որի մասին ես միայն երրորդ օրն եմ իմացել: Մատաղիսում էր: Հիշում էր, որ հարմար պահ էր «բռնացրել», որ կրակոց չլինի, զանգել էր, հարցնում էր, թե ինչպես եմ, ես ասեցի, որ գիտեմ թե որտեղ է, ասեցի «գաս՝ գլուխդ ջարդելու եմ»: Միշտ մեկ րոպեից ավել չէր խոսում, կարեւորը շեշտում էր որ հաց կերել է, որովհետեւ գիտեր, որ ինձ համար դա չափազանց կարեւոր է: Ամեն անգամ զանգելիս ծիծաղում էր ու իր զրնգուն ծիծաղը մինչեւ հիմա ականջներումս է», – հիշում է նա:

Տիկին Ռիտան նաև հիշում է, որ վերջին անգամ 19:01 է խոսել որդու հետ: Ասել է, որ լավ է ու էլ զանգ չի եղել: Մայրը զգացել է, որ որդու հետ մի բան այն չէ, քանի որ ինչ էլ լիներ, Գագիկը կզանգեր մորը, իսկ այդ օրերի լռությունն ամեն բան ասում էր: «29-ի առավոտյան արդեն իմացա, որ 5 զինվորներով սպային օգնելու համար խրամատից դուրս են եկել և այդ պահին հարված է հասցվել արդեն նաեւ իրենց», – պատմում է նա:

Գագիկը դարպասապահ էր, խաղում էր «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում: Հասցնում էր նույնիսկ հանգստյան օրերին աշխատել: Շատ երազանքներ ուներ, խելացի էր, կարդացած: «Եռաբլուր»-ում Գագի կողքին իր հրանոթն է, քանի որ հրանոթի հաշվարկի հրամանատար է եղել, մայրը տղայի սիրելի հրանոթը իրեն մոտ է բերել, քանի որ մեծ սիրով ու նվիրումով էր վերաբերվում իր հրանոթին:

Մարիամ Ղազարյան