Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը. Սիմոնյան

«Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասել է ՀՀ Ազգյին ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում ունեցած ելույթում։ 

Նա նշել է, որ Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները. «Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առևանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետեւանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի»։

«Հարգելի' գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը: Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում:

Գործընկերնե'ր, Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձեւերով հարձակումների է ենթարկել: Իր իսկ խոսքերով` նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 եւ 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը:

Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել եւ սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության եւ գոյատեւման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից:

Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում: Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար:

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն: Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը:

Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին: Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը եւ վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը եւ խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլեւ նրանց միջեւ` հավաքականորեն: Միասին, եւ գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա»,- ասել է Սիմոնյանն իր ելույթում։