Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաեւ ռուսական զորքը, որը խաղաղապահ զորքի անվան տակ կանգնած էր Արցախում միայն մեկ նպատակով, որ թույլ չտար դա լինի։ Բայց դա եղավ։ Արեւմուտքը լրիվ տեսնում էր, թե ինչ էր կատարվում, մի քանի նախադասություն ասաց, բայց ոչ մի ձեւով չազդեց Ադրբեջանի վրա, որ դա չշարունակվի։ Մենք տեսանք, որ պետությունների համար գեոպոլիտիկ եւ տնտեսական շահերը վեր են կանգնած պայմանավորվածություններից եւ սկզբունքներից»,- այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։ Նա նշեց, որ մենք կարող ենք հիմնվել միայն մեր սեփական ուժերի վրա ու այդ սեփական ուժերն օգտագործել ճիշտ, լինել պրագմատիկ։ Ըստ նրա՝ երբ հասկացվեց, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցում է տեղի ունենում՝ իրենց շահերից ելնելով, դա նշանակում էր, որ մենք մտնում ենք վտանգավոր իրավիճակ։ «Եվ այդ իրավիճակում մենք պետք է լինենք խելոք, պետք է կարողանանք չկորցնել կամ քիչ զիջումներով այդ վիճակը պահպանել։ Դրա փոխարեն պատերազմ հայտարարվեց Ռուսաստանին, Ռուսաստանն էլ, քանի որ պիտի զիջեր ինչ-որ բան, օգտվեց Նիկոլի խոսքերից ու կարմիր գծերն անցավ։ Բայց մեկ է, նոր իշխանությունը, ով էլ ուզում է գա, պետք է խոսի Ռուսաստանի հետ, Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի, բոլոր երկրների հետ։ Վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում Ռուսաստանին, բա հիմար չէ՞ այդ մարդը։ Այս տարածաշրջանում այն պետությունները, որոնք ունեն ուժ եւ ազդում են դեպքերի վրա, նրանց բոլորի հետ պետք է իմանալ ոնց խոսել, ինչ անել։ Դա է քաղաքականությունը»,- հայտարարեց նա։
Վազգեն Մանուկյանը հավելեց․ «Ասում են՝ եթե հիմա մենք Նիկոլին փոխենք, պատերազմ կլինի, որովհետեւ ասում են՝ Արցախում ղեկավար փոխեցին, եղավ պատերազմ։ Իրականությունն այն է, որ Էրդողանի ու Ալիեւի մոտ գրատախտակի վրա տող առ տող գրված է, թե իրենք ինչ են անելու Հայաստանի հետ։ Անում են, տողը ջնջում են։ Հիմա այն տողն են ջնջում, որ Արցախի հարցը լուծեցին։ Հայաստանի ներքին վիճակը, պայմանները միայն իրենց ստիպում են մի բան հետաձգել, բայց իրենք Նիկոլի օրոք այդ ամբողջ ցուցակով գնալու են, մենք ցուցակի կեսն ենք տեսել։ Եվ ես սարսափում եմ վերջին կետից։ Նիկոլին պետք է փոխել ոչ միայն իր այն դավաճանությունների համար, որ ինքը մինչեւ հիմա արել է, այլ որպեսզի ենք ազատվենք, այն հաջորդ տողերը մենք ջնջենք»։
Վազգեն Մանուկյանը նաեւ ասաց, որ սա ոչ թե քաղաքական պայքար է, սա պայքար է հայ ժողովրդի լինելու, թե չլինելու հարցի համար։ «Եվ մեխի գլուխը Նիկոլն է։ Դա նշանակում է, որ իր դեմ պայքարի ցանկացած ձեւը լեգիտիմ է։ Ոչ մի երկրում այսպիսի բան չէր լինի, որ մարդն այդքան բացահայտ դավաճանի, այդքան բացահայտ ոչնչացնի մեր երկիրը ու պատասխան չստանա։ Մենք այդ մեխի գլուխը պիտի դեն գցենք։ Սա լինել-չլինելու հարց է, ազգային-ազատագրական պայքար է։ Ես գրատախտակի հաջորդ տողը բացեմ՝ մինիմում Սյունիքի միջանցք, մաքսիմում Սյունիքը վերցնել։ Հաջորդ տողը՝ Հայաստանի անկլավները պայմանագրի մեջ մտցնել, եւ Նիկոլն ստորագրի դա։ Դա նշանակում է, որ այնտեղ ապրող հայերին կարող են անվանել տեռորիստ եւ ցանկացած պահ զորք մտցնեն ասեն՝ տեռորիզմի դեմ պայքարում ենք։ Հաջորդ տողը՝ այստեղից գնացած ադրբեջանցիներին հետ բերել, որը նշանակում է Հայաստանի ներսում կսկսվի պատերազմական վիճակ։ Այդ տողերը գնում են, միակ կանխելու ձեւն այն է, որ նա, ով սատար է կանգնում դրան, նա պիտի չլինի»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ