Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամակ հայտարարեց,որ ընդունել է ընդդիմադիր երկու ուժերի համագործակցության առաջարկությունը։
Նա հիշեցրեց, որ ՔՊ-ն ունի 24 մանդատ և իրենք առաջարկել էին ընդդիմադիր ուժերին հանդես գալ մեկ ճակատով, որը կզրկի իշխանությանը վերարտադրվել։
«Այս ընթացքում մեր առաջարկին արձագանքել են երկու ընդդիմադիր ուժեր՝ «Մայր Հայաստան» դաշինքը և «Հանրային ձայն» կուսակցությունը: «Հանրապետություն» կուսակցությունը չի արձագանքել, որը թույլ է տալիս ենթադրել, որ իրենք միանալու են ՔՊ-ին և փորձելու են կազմել քաղաքային իշխանություն: Եթե իրենք այդպես անեն, ապա կստացվի, որ այն մարդիկ, որոնք ընտրել են «Հանրապետությանը», փաստացի նրանք ընտրել են ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուին:Այն, որ լռություն է և ոչ մի արձագանք չկա, մեզ թույլ է տալիս այսպես մտածել։ Անգամ, եթե «Հանրապետությունը» միանա ՔՊ-ին, իրենք կունենան 32 մանդատ, իսկ քաղաքային իշխանություն կազմելու համար պետք է 33 մանդատ: Իսկ 33 մանդատ ունի իրական ընդդիմությունը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է մեկ ընդդիմադիր թեկնածու ունենալու Մարությանի առաջարկին, ապա «Մայր Հայաստան» դաշինքն արձագանքել է ՝ հայտարարելով, որ առանց որևէ նախապայմանի, որևիցե պայմանավորվածության տալ իրենց ձայները մեկ միասնական թեկնածուին։
«Միակ պահանջը եղել է այն, որ ուզում են լսել քաղաքական ուժից, որ կողմ են ամբողջական իշխանափոխության: Խոսքը՝ ոչ միայն քաղաքական իշխանության մասին է։ Մենք բազմիցս դա հայտարարել ենք, որ մեր թիմը, մեր քաղաքական ուժը կարծում է, որ այո, ՀՀ-ում պետք է լինի ընդհանուր իշխանափոխություն: Այսինքն այս իրավիճակում «Մայր Հայաստան» դաշինքը, փաստացի պատրաստ է մեզ աջակցելու»,- ասաց Մարությանը։
Ինչ վերաբերում է «Հանրային ձայնը»-ին, ապա Մարությանն ասաց․ «Կուսակցությունը հայտարարել է, որ համաձայն է մեր առաջարկին, բայց մի պայմանով, որ վերահսկողության վարչության պետի պաշտոնը տրվի իրենց կուսակցությանը: Բացարձակ դեմ բան չունենք դրան, կարևորը լինի շատ լավ մասնագետ։ Միակ բանը, որ մեզ խանգարում է, այն է, որ քանի որ վարչության պետը համայնքային ծառայող է, իսկ համայնքային ծառայողներին նշանակելու համար լինում է մրցույթ, որի մասին պետք է մեկ ամիս առաջ հայտարարի քաղաքապետարանը»։
Ըստ նրա՝ այդ պաշտոնը որևէ քաղաքական ուժի խոսք տալ չեն կարող:
«Մենք օրենքով ուղղակի դրա իրավունքը չունենք։ Եթե մենք կլինենք իշխանություն, կհայտարարենք մրցույթ, խնդրեմ, եթե ունեք լավ մասնագետ, եկեք մասնակցեք մրցույթին, հաղթեք , ես մեծ հաճույքով կնշանակեմ, թող աշխատի, ընդ որում՝ կխնդրեմ, որ իր ստուգումները սկսի հենց ինձանից: Դրա հետ կապված մեր մասնագետները շատ լավ լուծում են գտել։ Կարող ենք ստեղծել ավագանու ժամանակավոր քննող հանձնաժողով: Այսինքն ձեր խմբակցությունը կարող է հանդես գալ այդ պահանջով, մեր խմբակցությունը դա կհաստատի, կստեղծվի քննող հանձնաժողով, նախագահը կլինի ձեր կուսակցությունից, դուք կնշեք, թե ինչն եք ուզում ստուգել, ոնց եք ուզում ստուգել: Ինչ ուզենք ստուգել, կարող եք այդ հանձնաժողովի օգնությամբ ստուգել, պարզել, բոլոր փաստաթղթերը կտրամադրվեն արագ կերպով։ Կարող եմ խոստանալ, որ հատուկ ուշադրություն դարձվի այս հանձնաժողովին»,- առաջարկեց Մարությանը։
Ընդհանուր առմամաբ՝ Մարությանը եկել է այն եզրահանգման, որ փաստացի ընդդիմադիր ուժերը կարող են իրենց ձայները տալ մեկ ընդդիամդիր թեկնածուին, զրկել իշխանությանը քաղաքապետի պաշտոնից, ունենալ մեկ միասնական թեկնածու և կազմել քաղաքային իշխանություն։
«Խոսքը՝ կոալիցիաների մասին չէ, այլ համագործակցության, որի արդյունքում կարող ենք այնպես անել, որ իշխանությունը չունենա մեծամասնություն և չունենա իշխանական քաղաքապետ։ Եթե ինչ-ինչ պատճառներով չստացվի այս համագործակցությունը, ապա մեր առաջարկն ուժի մեջ է, մենք կարող ենք գնալ նոր ընտրությունների, դրա համար պետք է ընդամենը այս երեք խմբակցությունները 3 անգամ չապահովեն քվորում ավագանու նիստին»,- ասաց նա։